Բաժիններ՝

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ կենտրոնում մեկնարկել են առաջին զորավարժությունները

Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական ու գնահատման կենտրոնում (JTEC) մեկնարկել են շաբաթական առաջին ռազմադաշտային զորավարժությունները, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին, որոնք հանդիսավոր կերպով բացվել են Նորիոյի (Թբիլիսիի մոտակայքում) ուսումնական բազայում, մասնակցում է Վրաստանի զինված ուժերի 51-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը: Զորավարժությունների ավարտից հետո ՆԱՏՕ-ի մասնագետները կգնահատեն վաշտի պատրաստվածության մակարդակը:
«Այդ գործընթացը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ցամաքային վաշտերը չեն ստացել գնահատական: Այդ գնահատականը նշվելու է ՆԱՏՕ-ի փաստաթղթում, որը պատրաստվում է Վարշավայի գագաթաժողովի համար»,- Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Օմար Բեգոիձեի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Այսօր սկսված զորավարժությունները առաջինն են այն 11 ռոտացիոն զորավարժություններից, որոնք մինչև ընթացիկ տարեվերջ անցկացվելու են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում:

Զորավարժությունների ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվելու պաշտպանական օպերացիաներին ու Վրաստանի ռելիեֆի օգտագործման բացառիկ հնարավորություններին:

Դաշտային զորավարժություններից բացի՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը վրացի զինվորականներին առաջարկում է համակարգիչների օգնությամբ սիմուլյատիվ զորավարժությունների անցկացում:

ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը բացվել է 2015թ. օգոստոսին Կրծանիսի ազգային ուսումնական կենտրոնի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս