Բաժիններ՝

«Եթե նայեինք խնդիրներին` այսքան երեխա չէինք ունենա». ասում է 14 երեխաների հայրը

Մարտիկ և Անժելա Մելքոնյանների համար 14 երեխաները իրենց հարստությունն են: Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող բազմանդամ ընտանիքի ծնողները փաստում են` չնայած դժվարություններին` իրենք կարողանում են պահել երեխաներին: Նրանք վստահ են` Հայաստանում պետք է խրախուսվի ծնելիությունը:

«Ես 7 տարեկան էի, հայրս մահացավ, մայրս դժվարություններով պահեց ինձ , 1994 թվականին արցախյան ազատամարտում մահացավ իմ եղբայրը: Երբ մենք ամուսնացանք Անժելայի հետ, որոշեցինք, որ պետք է ունենանք այնքան երեխա, ինչքան Աստված կտա` անկախ խնդիրներից»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մարտիկ Մելքոնյանը:

Նրա տեղեկացմամբ` ընտանիքն ունեցել է խնդիրներ կապված բնակարանի հետ, սակայն պետությունը և բարերարներն աջակցել են խնդրի լուծմանը:

«Եթե նայեինք խնդիրներին` այսքան երեխա չէինք ունենա: Մեր երկիրը պետք է զարգանա, պետք է մտածել մեր ազգի, երկրի սահմանները պահելու մասին: Եթե ամեն տուն 7 երեխա ունենա, ազգը հզոր կլինի, թշնամին ծնկի կգա»,- համոզված է բազմանդամ ընտանիքի հայրը` շեշտելով, որ Հայաստանում պետք է խրախուսել ծնելիությունը: Մելքոնյանի տեղեկացմամբ` իրենց ընտանեկան բյուջեն կազմում է 150 հազար դրամ.ընտանիքին օգնում են նաև բարերարները:

Մարտիկ Մելքոնյանը շեշտում է` ընտանիքում տիրում է դրական մթնոլորտ:

«Աստծո ձեռքը իմ ընտանիքի և տան վրա է: 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն արտոնություններ են ունենում, ինչ պետք է եղել` բժշկական ամբուլատորիա ենք դիմել, անվճար ստացել ենք: Երեխաներն Աստծո պարգևն են, եթե Աստված տալիս է, ուրեմն նա կպահի, ես հավատում եմ դրան և տեսնում, երեխաները ոչ մի խնդիր չունեն, հիմնական խնդիրը եղել է կապված բնակարանի հետ, լուծվել է»,-նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս