«Վերջին խոսքն Ալիևինն ու Սարգսյանինն է». Թոմաս դե Վաալ

Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը sova.news-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի գոտում լարվածությանը՝ ասում է, թե իրավիճակը դեռևս լարված է:

«Մտավախություն կա, որ ինչ-որ ժամանակ անց հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմերն էլ տարբեր բաներ են ուզում: Ադրբեջանական կողմը ցանկանում է նոր քաղաքական գործընթաց, իսկ հայկական կողմը, հակառակը, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում: Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է:

Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը:

Հարցին, թե որո՞նք են այդ իրավիճակում Ռուսաստանի շահերը, և արդյոք նրան հարկավո՞ր է հակամարտության կարգավորում, վերջինս  պատասխանում է, թե դժվար է ասել, սակայն կարող է վստահորեն ասել, որ ի տարբերություն Ուկրաինայի կամ վրացական հակամարտության՝ Ղարաբաղում «Ռուսաստանը չի ղեկավարում իրավիճակը՝ այնտեղ չկան ռուս խաղաղապահներ»:

«Բացի այդ՝ Ռուսաստանը շահեր ունի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի հետ: Կարծում եմ՝ հակամարտության վերսկսումը Ռուսաստանին հաստատ պետք չէ, քանի որ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի առաջ, բացի այդ, չի ցանկանում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել հակամարտության մի կողմին, ինչը նրա շահերից չի բխում»,- գտնում է վերջինս:  Դե Վաալի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է կարգավորում, սակայն՝ «ռուսական ուղղվածությամբ»: «Հնարավոր է, որ հակամարտության գոտում լինեն ռուս խաղաղապահներ, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Սակայն գլխավորը, կարծում եմ, ոչ թե Մոսկվան է, այլ Բաքուն և Երևանը: Վերջին խոսքն Իլհամ Ալիևինն է ու Սերժ Սարգսյանինը: Չեմ կարծում, թե նրանք ցանկանում են պատերազմ, սակայն միշտ վտանգ կա, որ ինչ-որ բան հաշվարկով չի սկսվի, ու դա շատ դժվար կլինի կանգնեցնելը»,- ասում է Թոմաս դե Վաալը՝ կարծիք հայտնելով, թե Թուրքիան նույնպես շահագրգռված չէ նոր հակամարտությամբ:

«Թուրքիայի ազդեցությունը, հավանաբար, այն է, որ կարող է որոշ չափով հանգստացնել ադրբեջանական կողմին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա հետաքրքիր, նոր գործոն է տարածաշրջանում: Իրանն աստիճանաբար վերադառնում է տարածաշրջան, սակայն դա դանդաղ գործընթաց է: Կարծում եմ՝ Իրանը կայունության գործոն է, նա երկու երկրների հարևանն է ու հաստատ չի ցանկանում հակամարտություն: Ես հուսով եմ՝ Իրանն ավելի դինամիկ դեր կխաղա»,- հույս է հայտնում Թոմաս դե Վաալը:

Տեսանյութեր

Լրահոս