Բաժիններ՝

Կոչ եմ անում Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին վերադառնալ. նախարար

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին օրերից սկսած՝ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Երևանում ԼՂՀ ներկայացուցչության հետ, որոնք ամենօրյա տեղեկություններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին:

«ԱՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբի կողմից ապրիլին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Նրանց, մասնավորապես, առաջարկել ենք Արցախ վերադառնալ, որտեղ ապահով վայրում կտրամադրենք ժամանակավոր կացարան, կապահովենք առաջին անհրաժեշտության պարագաներով և կտանք սոցիալական լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ այս ընթացքում առանց ուշացումների փոխանցվել են նրանց թոշակներն ու նպաստները:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով, այսօր՝ մայիսի 16-ին, Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղվել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կանցկացվեն նշված ընտանիքների հետ և վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան միջոցներ:

«Առաջիկա օրերին կսկսենք Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին բնակարանային և վերը նշված այլ պայմաններով ապահովման գործընթացը: Որպես նախարար և այս գործում պատասխանատու պաշտոնյա՝ կոչ եմ անում ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին ետ վերադառնալ: Մինչև վերջնականորեն կլուծվի Թալիշ գյուղում անվտանգ ապրելու երաշխիքների խնդիրը՝ ԱՀ կառավարությունը անվտանգ վայրերում նրանց կապահովի կենսական նշանակության բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասաց նախարարը:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց նաև, որ Մարտակերտի շրջանի բոլոր այն բնակավայրերից, որտեղից տեղի են ունեցել բնակչության զանգվածային կամ մասնակի տարհանումներ, այս օրերին ինտենսիվ կերպով մարդիկ սկսել են ետ վերադառնալ իրենց բնակավայրերը: «Ինչպես արդեն նախապես հայտարարվել է, հակառակորդի հրետակոծությունից տուժած բոլոր բնակիչները կառավարության կողմից ստանալու են համարժեք փոխատուցումներ»,- ասաց Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ հրետակոծությունից տուժած բոլոր տները քաղաքաշինության նախարարության կողմից վերակառուցվել կամ ընթացքի մեջ են, իսկ գույքի և տեխնիկայի մասով արվել է գույքագրում, և տրվելու են համապատասխան փոխհատուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս