Մինչեւ 2060 թվականը միլիարդից ավելի մարդիկ կհայտնվեն ջրհեղեղի սպառնալիքի ներքո. զեկույց
Մինչեւ 2060 թվականը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով ավելի քան 1 մլրդ մարդ մշտապես ենթակա է լինելու աղետալի ջրհեղեղների վտանգին: Այդ մասին ասված է «Քրիստոնեական օգնություն» բրիտանական հումանիտար կազմակերպության նոր զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:
Այդ ուսումնասիրության համաձայն՝ առավել մեծ վտանգի կենթարկվեն ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Հնդկաստանը:
Նրանց առաջին հերթին են սպառնալու համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքները, այդ թվում՝ փոթորկալի քամիները:
Առավել մեծ վտանգն սպառնում է Հնդկաստանի Կալկաթա եւ Մումբայ քաղաքներին: Ցուցակի եւս ութ քաղաքներ գտնվում են Ասիայում, նրանց հաջորդում է Մայամին:
Դեկտեմբերին Փարիզում կայացած կլիմայական խորհրդաժողովի մասնակիցները պարտավորություն են ստանձնել կրճատել ածխաթթվի արտանետումները մթնոլորտ՝ թույլ չտալով, որ այն մինչեւ 2100 թվականը տաքանա Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով:
Փաստաթուղթը նաեւ նախատեսում է զարգացող երկրներին 100 մլրդ դոլար հատկացնել վնասակար արտանետումների դեմ պայքարելու նպատակով: