Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ամռանը Բաթումում եռակողմ հանդիպում կանցկացնեն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին երեկ Գաբալայում մասնակցել է եռակողմ հանդիպման, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Իսմեթ Յըլմազը:
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը երեք երկրների պաշտպանության նախարարները կարևորել են եռակողմ համագործակցությունն ու տարածաշրջանում կայունության պահպանումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո որոշվել է այս ամռանը հանդիպել Բաթումում: «Հուսով եմ՝ կժամանեն երկու նախարարներն էլ»,- ասել է նա:
Հանդիպման շրջանակում վրացական կողմն առաջարկել է հանդիպման մասնակիցներին համագործակցություն այն ծրագրերում և նախագծերում, որը Վրաստանում իրականացվում է ՆԱՏՕ-ի օգնությամբ:
«Խոսքը եռակողմ ձևաչափով զորավարժությունների մասին է: Վրաստանը ցանկություն է հայտնել 2017թ. հյուրընկալել նման մի քանի զորավարժություն հատկապես այն պայմաններում, որոնք մեզ մոտ առաջացել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ մենք թուրքական կողմին կցուցաբերենք արժանի համագործակցություն նաև բարձր մակարդակի զորավարժությունների կազմակերպման հարցում: Այնպես որ, պատրաստվելու ենք 2017թ. գարնանը»,- ասել է Թինաթին Խիդաշելին: