Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը մոռացել է Երևանի ավագանու ընդունած որոշման մասին

Մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից և նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Ստիպված եմ հիշեցնել շատ կարևոր երկու փաստաթուղթ, որոնցով Երևանում պարզապես արգելվում է նման ապօրինի գործողությունը:

2009 թ. նոյեմբերի 18-ին N 36-Ն որոշմամբ Երևանի ավագանին ընդունել է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշում, որտեղ սահմանվում են Երևան քաղաքի կանաչ տարածքների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

«3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները

8. Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ` պետական անտառային գոտիների, որոնց պահպանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության՝ համապատասխան մարմինների կողմից։

9. Կանաչ տարածքներում քաղաքաշինական, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունը պետք է համապատասխանի իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով սահմանված պահպանման պահանջներին:

10. Կանաչ տարածքների օգտագործումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։

11. Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է իրավական, կազմակերպչական և տնտեսական միջոցառումների համակարգեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանությանը և վերարտադրությանը: Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են կանաչ տարածքները վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելուն»:

Այս որոշման մեջ նաև հստակ ձևակերպված են, թե կանաչ տարածքներում ինչն է արգելվում և սահմանված են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում կանաչ տարածքների պահպանման պահանջները:

Մի խոսքով, ըստ Երևանի ավագանու սույն որոշման, այն, ինչ տեղի է ունեցել «Լունապարկ» զբոսայգում, անօրինական է և պատժելի»,-նամակում նշում է տիկին Բախշյանը և հիշեցնում, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին Երևանը միացել է Եվրոպական Միության՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, որի նպատակն է մասնակից համայնքում «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսումը, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավումը՝ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ և վերականգնող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով մինչև 2020 թթ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխաթթու գազի արտանետումները, իսկ դա կարելի է իրականացնել միայն կանաչ տարածքների ավելացմամբ:

«Նշանակում է՝ Երևանի քաղաքապետը ստանձնել է սույն պարտավորությունը, սակայն ձեռնարկատիրական նպատակներով «Լունապարկ» զբոսայգու կանաչ տարածքը տախտակամածի տակ առնելու այս փաստը ամբողջությամբ հակասում է թե՛ Երևանի ավագանու 2009թ. որոշմանը, թե՛ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը:

Խնդրում եմ պարզաբանել, թե ձեռնարկատիրոջ կողմից այգու կանաչ հատվածը տախտակամածի տակ առնելու նախաձեռնությունը, որն արգելված է վերոնշյալ որոշմամբ, ինչ իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով է թույլատրվել, ում կողմից, ինչու չի կանխվել»,-նշում է նամակագիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս