«Ռազմական պարտվող քաղաքականություն կամ պատերազմ` վերջ տալու համար պատերազմին»
Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը
– Պարոն Պապյան, այսօր հաստատվեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին մեկնելու է Վիեննա` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:
– Իմ կարծիքով` ոչինչ էլ չի կարելի այդ հանդիպումից ակնկալել, որովհետև հերթական երկկողմ մեղադրանքները կհնչեն, Ալիևը մեզ է մեղադրում, թե մենք ենք սկսում ամեն ինչ: Ադրբեջանական կողմը հիմա շատ հստակ դիրքորոշում ունի` չեք ուզում պատերազմ, հավաքեք ձեր զորքերը և Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս եկեք: Իրենք անգամ չեն ասում, թե մի փուլով դուրս եկեք, մյուս փուլով քննարկենք ինչ-ինչ հարցեր, այլ հաճախ օգտագործում են «անվերապահ» բառը: Նման պարագայում ոչ մի բան էլ ակնկալել չի կարելի:
Բայց այստեղ ուրիշ խնդիր կա. Սերժ Սարգսյանը բնակցությունները վերսկսելու համար 3 նախապայման էր դրել, որոնք, կարծես թե, չեն կատարվել: Այսինքն` այս ամբողջը ո՞նց է ընկալելու հայ հասարակությունը և համաշխարհային հասարակությունը: Դա լավ չէ, երբ դու պայման ես դնում, հետո առանց դրա կատարման՝ փոխում ես վարքագիծդ:
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Սարգսյանը գնում է այդ պայմաններին՝ պատասխանները ստանալու:
– Բայց պայմաններից մեկն այն էր, որ կողմերը չկրակեն, քանի որ, ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ սահմանի վրա կրակում են: Հարցը դա էր, և դա մի քանի այլ պաշտոնյաների կողմից ևս հնչեցվեց: Այսինքն` ի՞նչ բանակցություններ, երբ պատերազմը շարունակվում է: Հիմա, եթե երեկ զոհ չենք ունեցել, ապա նախորդ գիշեր զոհ եղել է, գնդակոծումն ու ականակոծումը շարունակվում է, այսինքն` այն պայմանավորվածությունը, թեկուզ բանավոր, որ ձեռք էր բերվել, էլ չեմ խոսում Բիշքեկի գրավոր զինադադարի մասին, չի կատարվում: Եվ ես այդ հանդիպումից ոչ մի լավ ակնկալիք էլ չունեմ: Կարծում եմ` եռանախագահներն ուղղակի ուզում են ցույց տալ, թե ինչ-որ մի գործ են անում: Իսկ այսօր դա Ալիևին ձեռք է տալիս, որովհետև առջևում` հունիսի 17-19-ը, Բաքվում կայանալու է «Ֆորմուլա 1» մրցաշարը, այսինքն` փափուկ բարձի քաղաքականություն է տանում, որովհետև, եթե հայկական կողմը հիմա հակահարձակման անցնի, իր միլիարդները ջուրը կթափվի: Ինքը, այսպես ասած, մերոնց ֆռացնում է մատի շուրջ, մի երկու հանդիպում կգա, խոստումներ կտա՝ մինչև «Ֆորմուլա 1»-ն ավարտվի, և մի հատ էլ ապրիլի 2 կսարքի մեր գլխին: Դա է լինելու նրանց տակտիկան:
– Տեղեկություններ կան, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին բանակցությունների ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ստանձնել շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքավորումների սպասարկումը։ Եվ ասվում է, որ Վիեննայում հենց հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման հարցը պետք է քննարկվի: Սա իրականություն կդառնա՞:
– Այդ մասին Լավրովն էլ Երևանում ակնարկ արեց, խոսքը Գերմանիայի մասին է՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, որ նա պետք է ֆինանսավորի այդ ամբողջը: Հիմա, բնական է, որ այդ ԵՄ երկրներից Ֆրանսիան է ներկայացված եռանախագահների մեջ, և, եթե անգամ Գերմանիան ֆինանսավորի, Ֆրանսիան պետք է իրականացնի, թեև բուն ծրագիրն ամերիկյան է: Եթե դա տեղի ունենա, և շփման գծում սարքերը տեղադրվեն, դա, ճիշտ է, ամբողջությամբ չի զսպի, բայց գոնե հնարավորություն կտա հստակեցնելու` ով է առաջինը սկսել: Եթե դա լինի, լավ է, բայց ամենակարևորը դրա քաղաքական շարունակությունն է, որ տեսնելուց հետո, թե առաջինն ով է սկսում, արդյոք կգնա՞ն հստակ հասցեական դատապարտող հայտարարությունների, թե՞ կրկին ամբողջը կմնա լղոզված, ընդհանուր երկու կողմերին խաղաղության կոչ անող հայտարարությունների շրջանակում: Այսինքն` դա միջոցն է, իսկ նպատակը պետք է լինի դատապարտող հայտարարություններն ու հետագա պատժիչ քայլերը: Այնուամենայնիվ, կարևոր է, թող գործիքը լինի, հետո մնացածը:
– Եթե, ինչպես ասում եք, հանդիպումը շահավետ է Ադրբեջանին, որը ժամանակ է ձգում, մինչև «Ֆորմուլա 1»-ն անցկացնի, ապա հայկական կողմը նման պայմաններում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա:
– Հայկական կողմը պետք է որոշի սկզբունքային մի շատ կարևոր հարց` արդյոք նման վիճակը մեզ ձե՞ռք է տալիս, թե՞ ոչ: Այսինքն` ավելի շատ պատերազմ, քան խաղաղություն վիճակը, երբ մենք ամեն օր ունենք գնդակոծումներ, հսկայական նյութական ու մարդկային կորուստներ, մարդիկ կարծում են՝ շահավետ է, և վերջը լավ է լինելու, ուրեմն կարելի է շարունակել, բայց ես այդպես չեմ կարծում, որովհետև սա պարբերաբար ընդհատվելու է ապրիլյան պատերազմական գործողությունների նման գործողություններով, ընդ որում` և´ հաճախակիությունն է ավելանալու, և´ տևողությունը, և´ ինտենսիվությունը: Կամ` սկզբունքորեն պետք է որոշվի, որ այլ տարբերակ չկա Ադրբեջանի հետ հարցերը լուծելու, և պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, երկրում կարգուկանոն հաստատել, օլիգարխների ու նաև միջին հարուստների բոլոր անօրինական հարստությունը, որը չի կարող գտնվել օրենքի պաշտպանության տակ, այդ ամբողջը պետք է պետականացվի, ուղղվի պաշտպանությանը: Ընդունում եմ անմեղության կանխավարկածը, բայց եթե դա ճիշտ է, և Միհրան Պողոսյանը 800 մլն դոլարանոց շենք է գնել Լոնդոնում, նա պետք է հայտնվի բանտում, և իր նման մի քանի տասնյակ գեներալներ, որովհետև մեր գեներալների 90%-ը թալանչիներ են, և նրանց փոխարեն՝ զինվորներն են վճարում: «Գեներալ» ասելով` միայն բանակն ի նկատի չունեմ, այսօր ուր նայում ես՝ գեներալներ են` սկսած ԿԳԲ-ից, վերջացրած Ոստիկանությունով: Այսինքն` եթե ձեռք չի տալիս այս սողացող պատերազմը, պետք է մոբիլիզանցնել բոլոր ուժերը Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես 88-89 թվին էր, երբ համազգային պայքար էր, զենքով, զինամթերքով, ոգով, վերջ տալ Ադրբեջանին, դնել տրոհել այդ երկիրը, դուրս գալ Եվլախի ուղղությամբ, կտրել Ադրբեջանին նավթի արտահանման հնարավորությունից, տալ միանգամից 200-300 զոհ, վերջացնել պատերազմը: Այլապես մենք ամեն տարի տասնյակներով զոհ ենք ունենում, այս տարի արդեն 124 զոհ ենք ունեցել, 76 զոհ` անցած տարի, 50-ից ավելի՝ նախորդ տարի, այսինքն՝ գալու է մի վիճակ, որ մեր զոհերի թիվը հասնելու է պատերազմական լուրջ զոհերի թվի, բայց քանի որ տարվա վրա է բաշխված լինում, մենք որևէ հաջողության չենք հասնում: Հասկանո՞ւմ եք, եթե դու զորքդ դրել ես սահմանին ու շարժվող թիրախի դեր ես տանում, արդեն էն գլխից պարտված ես: Հնարավոր չի, որ հաղթես նման տակտիկայի պարագայում: Մերոնք թիրախների նման դիրքերում կանգնած են, նրանք էլ ամեն երեկո խփում են, բախտներս բերեց, զոհ չի լինում, չբերեց` մեկը զոհվում է: Ակնհայտ է, որ սա ռազմական պարտվող քաղաքականություն է, որը երբեք հաղթության չի բերի: Եթե ամեն մի կրակոց չլռեցնես, չոչնչացնես, նա ինչո՞ւ պետք է դադարեցնի կրակը: Այսինքն` վճռական քայլերի խնդիր է: Միգուցե ընտրությունը վատի ու ավելի վատի միջև է, ցավոք, ընդհանուր քաղաքականության սխալի հետևանքով շատ լավ հնարավորություններ չունենք, բայց եկեք գոնե ավելի վատից` սողացող պատերազմից խուսափենք և ընդունենք այլ տակտիկա` պատերազմ` վերջ տալու համար պատերազմին: