Բաժիններ՝

Ադրբեջանը հեռացվել է Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայից. Մանրամասներ Լվովում տեղի ունեցած ծեծկռտուքից

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-ին մեկնարկած Եվրոպայի Քունգ Ֆուի առաջնությունն այսօր հանգիստ է ընթանում: Երեկ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է և այլևս չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Ազերիներն այսօր ընդհանրապես չեն երևացել մրցումների վայրում:

Հայաստանի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել Չինաստանում գտնվող Քունգ Ֆուի միջազգային ֆեդերացիա` ընդդեմ Ադրբեջանի: Նա նշեց, որ Եվրոպական ֆեդերացիայից ադրբեջանցիներին արդեն հեռացրել են և նրանք վերականգնվելու հնարավորություն չունեն. «Առավելագույնը կարող են ուրիշ ֆեդերացիա բացել ու այլ անվան տակ հանդես գալ, բայց այս կազմով չեն կարող վերականգվել, բոլորին ճանաչում են»: 2_640x420

Ս.Հարությունյանը պատմեց, որ նախկինում տարբեր մրցումներում հայերն ու ադրբեջանցիները շատ են հանդիպել, նաև Պեկինում են միմյանց հետ մրցել աշխարհի առաջնությունում, և հայերը միշտ հաղթել են, իսկ ադրբեջանցիները «պոչները քաշած», սուսուփուս հեռացել են: Սակայն երեկվա վայրագ հարձակումը և կռիվ հրահրելը, ըստ մարզչի, որոշ առումով սպասելի էր.

«Այս անգամ հենց սկզբից ադրբեջանցիների շրջանում լարվածություն էի նկատել, կոնտակտի էին գալիս լարված վիճակով: Առաջին մենամարտում մեր հաղթանակը բողոքարկեցին ու սպառնալիքի լեզվով սկսեցին խոսել մեզ հետ, որ իբր իրենք են հաղթել ու մրցավարները հաղթանակը իրենց են տվել: Ռինգի մոտ իրենք շատ էին մոտ 20-30 հոգի երկրպագուներ ունեին, մի 10 հոգի էլ մարզիկներն էին, և մեր տղաների համեմատ տարիքային առավելություն ունեին, հիմնականում մեծահասակներ էին: Երբ տեսան, որ արդեն երկրորդ մենամարտն են պարտվում, կռիվ սարքեցին: Իրենց հյուպատոսն էլ էր այստեղ, գնում գալիս էր: Մենք հետևում էինք իրենց, ինչ-որ բան սպասում էինք, բայց ոչ այդ ծավալի ու վայրագության, որ փայտերով ու երկաթյա ձողերով հարձակվեն մեր թիմի անդամների վրա»: 3_640x420

Երեկ այս կռվի պատճառով առաջնության դատավորները ստիպված են եղել դադարեցնել մրցումները: Սկզբում ուզեցել են երկու թիմերին էլ որակազրկել, սակայն հարցը քննարկվել է, ուսումնասիրվել է տեսանյութը, և դատավորների կոլեգիան ու միջազգային ֆեդերացիան գտել են, որ ադրբեջանցիներն են խախտել սպորտային էթիկան, ու նրանց են որակազրկել: Ընդ որում` կռվի ժամանակ ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել, թե ով է ագրեսոր կողմը, որ բոլոր ներկաները, այդ թվում` թուրքերը, պաշտպանել են հայերին:

Հայաստանի թիմում 9 մարզիկներ են, որոնցից 5-ը արցախցի են և հագուստներին գրված է` Արցախ, կամ ԼՂՀ:

Աշխատանքային այցով Լվովում գտնվող միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, ով հետևում է մրցումներին և միջադեպի ժամանակ դահլիճում է եղել, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, հավանաբար, ադրբեջանցիները չեն դիմացել հերթական պարտությանը, իսկ մեր մարզիկների հագուստների գրություններն էլ նրանց վերջնականապես հունից հանել են:

Ըստ նրա` նաև կազմակեպիչներն են որոշ առումով թերացել, որ անվտանգությունն ապահովված չէր, ազերիների ներկայությունը ռինգի մոտ շատ ավելի էր, իսկ հայերի կողմից միայն մարզիչն ու բժիշկն են եղել: Ընդ որում, Հ.Իգիթյանի խոսքով, ռինգի մոտ սպորտի հետ կապ չունեցող մարդիկ են եղել, որոնք տեղի շուկայում են աշխատում, կանաչի ծախողներ են. «Նրանք անընդհատ ինչ-որ բան էին փնտրում մեր տղաներին վախեցնելու համար, որովհետև ռինգում չէին կարողանում հաղթել: Նրանց նաև կատաղեցնում էր, որ Ստեփանակերտից շատ կան մեր թիմում»:4_640x420

Հ.Իգիթյանը նշեց, որ այսօր մրցումները նորմալ հունով ընթանում են, մեր մարզիկները բավականին հաջող են հանդես գալիս, և արդեն 2 հոգի հաղթել են Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ երեկ առաջին մենամարտում հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը պարտության էր մատնել իր ադրբեջանցի հակառակորդին: Երկրորդ մենամարտում պայքարում էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանը, ում հաղթանակն արդեն ակնհայտ էր, բայց Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածել է Դավիթին:

Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են մեր հավաքականի անդամաների վրա: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին: Ստեղծված իրարանցումն ու ծեծկռտուքը հանդարտվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Հիշեցնենք նաև, որ արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի կրտսեր եղբայրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս