«Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի». Վարդան Այվազյանը բարկացավ

«Ամբողջ մամուլը հեղեղված է Պանամայի գործով, առավոտվանից իրիկուն Պանամայի գործից են խոսում, ուզում եմ հարցնեմ՝ եթե ինչ-որ մի դեղատան տնօրենի հաշիվ գտել են Պանամայում, դա ի՞նչ է՝ հանցագործությո՞ւն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ համաձայն կլինի, եթե գրեն այն պետական չինովնիկների մասին, որոնք հայտարարագրում չեն տվել: Դիտարկմանը, թե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փոքր դեպք չէր, Վ. Այվազյանն այսպես արձագանքեց. «Ես ասեցի՝ բացի պետական պաշտոնյաներից, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել: Միհրան Պողոսյանը, կներեք արտահայտությանս համար, ո՛չ դեղատան տնօրեն է, ո՛չ գիտնական: Ուրեմն՝ բարի եղեք, իմ խոսքերը մի փոխեք»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ պատգամավոր-նախարար ստանում են 450-500 հազար դրամ աշխատավարձ և ունեն միլիարդների դղյակներ, տներ, մեքենաներ, Վ. Այվազյանն այսպես արձագանքեց. «Եթե խոսքը ինձ է վերաբերում, ես կասեմ. ես 20 տարվա պատգամավոր եմ, ունե՞մ դղյակ»: Դիտարկմանը, թե, ամեն դեպքում, ունեք հարստություն, Վ. Այվազյանը զարմացավ. «Ո՞րն է այդ հարստությունը: Իմը 7 տարի բացահայտեցիք՝ թարս ստացվեց: Ամերիկայից սկսած՝ 7 տարի միահամուռ բացահայտում էիք՝ ձեր կոլեգայի միջոցով, չստացվեց»:

Վ. Այվազյանը կարծում է, որ, եթե «վհուկների որսի» ետևից ընկնենք, կապիտալի արտահոսք կլինի. «Եթե մենք թացը չորի հետ ենք խառնում, կապիտալի արտահոսք կունենաք: Այդ կոռուպցիոներների անուններն ասեք»: Լրագրողը թվարկեց՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, որին Վ. Այվազյանն այսպես պատասխանեց. «Որ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Խաչատրյանին տեսնում ես, միկրոֆոնդ բռնի՝ ասա. Վարդան Այվազյանին ինչի՞ ես ասում»:

Կարդացեք նաև

Լրագրողը շարունակեց հարցը՝ 20 տարվա պետական պաշտոնյա եք, ինչպե՞ս եք այդքան գումար աշխատել: Ի պատասխան՝ Վ. Այվազյանն ասաց. «Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի: Դրսից ես փող եմ բերել երկիր՝ ի տարբերություն ոմանց, որ այստեղ գողանում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերել»: Սակայն Վ. Այվազյանը չհստակեցրեց՝ կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս