«Երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը, երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցն ազգությամբ ղազախ է». Հայկ Ղուկասյան
«Մենք պատրաստված էինք բավականին լավ ու գիտեինք՝ ինչ էինք ուզում անել, այդ պատճառով էլ մենք փայլուն հաղթանակ տարանք հենց առաջին ռաունդում, ինչին էլ ձգտում էինք: Եթե մեր մոտ գոնե մեկ տոկոս կասկած լիներ՝ կապված հաղթանակի հետ, մենք կհրաժարվեինք մասնակցելուց»,- ահա այսպես սկսեց այսօրվա մամուլի ասուլիսը Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» նախագահ, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը, որին վերջինս մասնակցում էր OFS 8 միջազգային մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանի հետ:
Ասուլիսի ընթացքում քննարկվեցին Մոսկվայում կայացած OFS 8 միջազգային մրցաշարում Ալբերտ Ղազարյանի հաջողությունները, ինչպես նաև՝ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» առաջիկա ծրագրերը:
Մենամարտին ընդառաջ իր ունեցած զգացողությունների մասին Ալբերտ Ղազարյանը պատմում է. «Այս մենամարտն ինձ համար միանգամայն տարբերվում էր մյուսներից: Ես շատ մրցակիցներ եմ ունեցել, բայց այս անգամ զգացողությունն ուրիշ էր, որովհետև ավելի մեծ պատասխանատվություն էի զգում, և դա ավելի էր ոգևորում ինձ: Պատրաստվում էի ամենայն պատասխանատվությամբ` անտեսելով հոգնածությունը, որովհետև որոշումս մեկն էր՝ ես պետք է հաղթեի: Իմ լավ պատրաստված լինելն ինձ օգնեց տապալել ադրբեջանցուն, և ես հպարտ էի՝ հենց տեղից՝ մենամարտի ռինգից, իմ այս հաղթանակը նվիրել քառօրյա պատերազմում Արցախի սահմաններն անձնվիրությամբ պաշտպանած զոհված հայ մարտիկների հիշատակին»:
Խոսելով ադրբեջանցի մարզիկի մասին, Հայկ Ղուկասյանն ընդգծեց. «Ադրբեջանը փորձ արեց մի քանի փուլով: Նախ՝ երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը: Երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցն ազգությամբ ղազախ է: Նախ՝ ասեմ, որ նա ունի Ադրբեջանի անձնագիր, բացի դրանից՝ եթե այլ ազգի ներկայացուցիչ է, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ադրբեջանի անհանգստությունը: Մրցաշարից հետո, տարբեր երկրներում, որտեղ կա պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» ակումբ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրվել, նույնիսկ եղել է, որ կապվել են հայ մարզչի հետ և ցանկացել են հանդիպել»:
Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա Հայկ Ղազարյանը նշեց, որ Ալբերտ Ղազարյանի մրցակիցը` ադրբեջանցի մարզիկը, մարտահրավեր էր նետել Ալբերտին` փորձելով հերոսանալ: Ադրբեջանցի մարզիկը մինչ մենամարտը, հայտարարել էր, թե Ալբերտ Ղազարյանը պատրաստված չէ, և ինքը կարող է 5 րոպեում հաղթել:
«Դա տեղի չունեցավ: Ալբերտը 57 վայրկյանում հաղթեց նրան` խեղդում հնարքով: Այդ մենամարտին մենք լավ էինք պատրաստվել, հաջողությամբ մասնակցեցինք ու հաղթեցինք: Այս մենամարտը մեծ արձագանք ստացավ՝ կապված արցախյան հաղթանակի հետ: Մենք բավական լավ էինք տրամադրված, մենք գիտեինք, թե ինչ էինք ուզում անել: Եթե կասկած լիներ, որ կարող է պարտվեինք, ապա չէինք մասնակցի: Մենք հաղթանակի համար էինք գնացել»,- ավելացրեց Հայկ Ղուկասյանը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Հայկ Ղուկասյանը նշեց, որ առաջիկայում միջազգային մրցաշարեր են սպասվում, որոնց հայ մարզիկները կունենան իրենց մասնակցությունը: Հայկ Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ ունեն այդ մարտարվեստը տարածել նաև բանակում, որը կօգնի զինվորներին ավելի պատրաստված լինել: Վերջում Հայկ Ղուկասյանը հավելեց. «Եթե ադրբեջանական կողմը մենամարտի հետ կապված շարունակի հանդես գալ սադրանքներով, ապա խոսք ենք տալիս ոչ միայն, ավելի մեծ մասշտաբների մամլո ասուլիս հրավիրել, այլ նաև՝ բողոքի երթ, որով իրենց կբացատրենք իրական ճշմարտությունը»: