Ցանկանալով, որ իրականացվեն սահմանադրական բարեփոխումները՝ փորձել է կրկին քվեարկել. դատարանը տուգանքի է դատապարտել
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ տուգանք:
Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ընթացքում ներկայանալով ընտրատեղամաս, մասնակցել է հանրաքվեին, որից հետո լինելով նախագծի փոփոխությունների կողմնակից և ցանկանալով, որպեսզի իրականացվեն սահմանադրական բարեփոխումները, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, ժամը 13-14-ի սահմաններում գնացել է ընտրատեղամաս, գիտակցելով և հասկանալով իր գործողությունների բնույթը, փորձել նորից քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը տվել է հանձնաժողովի անդամին և նրանից խնդրել քվեաթերթիկ ու քվեածրար, սակայն նույն պահին հանձնաժողովի անդամի կողմից նկատվել է նրա անձնագրի վերջին էջում առկա, հանրաքվեին արդեն մասնակցած լինելու հանգամանքը հավաստող դրոշմակնիքը, որից հետո նա, առանց քվեարկելու, անձնագիրը վերցրել ու հեռացել է ընտրատեղամասից և իր կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալը հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու զղջում կատարածի համար: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, անկեղծորեն զղջում է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունքներ և ըստ բնակության վայրի՝ բնութագրվում է դրականորեն: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել: