«Պանամական ցուցակում հայկական ազգանուններ կան, թող գնան պարզեն՝ իրականում իրե՞նց փողն են պահել, թե՞ թալանած փողեր են տարել». Լյովա Խաչատրյան
«Եթե մի բան տպվել է և խփում է երկրի իմիջին, իհարկե, պետք է կառավարությունը հետևողական լինի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ խոսելով օրերս ICIJ-ի կողմից հրապարակած պանամական այն թղթերի մասին, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում: Հիշեցնենք, որ այդ անունների մեջ է նաև ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Լ. Խաչատրյանի խոսքով, իհարկե, կլինեն այդ մարդկանց մեջ մարդիկ, ովքեր բիզնես են արել, փող են աշխատել, իրավունք ունեն իրենց փողը Պանամայում էլ պահել, ամեն տեղ էլ պահել, բայց, ըստ նրա, պետք է ուսումնասիրվի այդ ամենը:
«Պատկան մարմինները պարտավոր են հետամուտ լինել ու տալ հասարակությանը պատասխան. Ինչի՞ համար ենք մենք իրենց աշխատավարձ վճարում: Պանամական ցուցակում հայկական ազգանուններ կան, թող գնան պարզեն՝ այդ ի՞նչ փողեր են իրականում տարել-պահել, իրականում իրե՞նց փողն են պահել, թե՞ թալանած փողեր են տարել»,- հայտարարեց Լ. Խաչատրյանը: