Բաժիններ՝

«Էլի կոռուպցիայի հոտ է գալիս». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Որքա՞ն կարելի է՝ մեր քաղաքացիները լսեն բակերի կանաչ տարածքներն ավելացնելու մասին ծրագրային խոստումներ, ապօրինի ծառահատման անթույլատրելիության վերաբերյալ պահանջներ ու դրանց կողքին իրենց բակի հենց կանաչ տարածքի վրա, որը բնակիչներին ծառայել է իբրև հանգստի տեղ (եղել են խաղողի կանաչ վազեր, «բեսեդկա»), տեսնեն 5մ բարձրությամբ ու 10մ երկարությամբ ապօրինի շինություն, որը փակել է դիմացի բնակարան ընկնող լույսը: Ընդ որում, ինչպես իրենց նամակում հատուկ նշել են բողոքող բնակիչները, ապօրինի կառույցի տիրոջ՝ Մուրադ Ղազարյանի կինը՝ Գայանե Անտոնյանը, աշխատում է քաղաքապետարանում, այսինքն՝ էլի կոռուպցիայի հոտ է գալիս:

Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բնակիչներից բողոք եմ ստացել այն մասին, որ նրանք դեռևս ապրիլի 25-ին դիմել են Ձեզ իրենց շենքերի բակում (Արշակունյաց պող. և Ֆրունզե փող. խաչմերուկ) սույն թվականի ապրիլի 21-ից ապօրինաբար կառուցվող շինությունն ապամոնտաժելու և հանրային սեփականություն համարվող կանաչապատ տարածքը վերականգնելու պահանջով:

Այս նամակին ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոն Ասատրյանը 02.05.2016թ. պատասխանել է, որ առանց համապատասխան թույլտվության իրականացրած շինարարական աշխատանքների փաստի կապակցությամբ հողի վերահսկողության վարչության կողմից Մուրադ Ղազարյանը ընդամենը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նշանակում է՝ կառույցն ապօրինի է ու մինչ օրս չի ապամոնտաժվել: Բավակա՛ն է, որքա՞ն կարելի է կոռուպցիան վերացնելու մասին խոսել ու ծավալել ստվերային այսպիսի գործունեություն:

Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու մինչ օրս որոշում չի կայացվել ապօրինի կառույցը ապամոնտաժելու մասին և երբ է այն ապամոնտաժվելու:

Կարծում եմ՝ Ձեր հանձնարարությամբ այն շատ արագ պետք է ապամոնտաժվի»:

Տիկին Բախշյանը նամակին կից ներկայացրել է բնակիչների նամակը, պարոն Ասատրյանի պատասխան նամակն ու բակի ապօրինի կառույցի լուսանկարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս