Բաժիններ՝

Պետությունը չի կարող պատասխանատվության ենթարկել Միկա Բաղդասարովին

«Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայում մերժվելուց հետո առանց որևէ փոփոխության այսօր կրկին, արդեն 4-րդ անգամ ներկայացվեց պատգամավորներին` քննարկման համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ընկերությունն ազատվում է միայն հարկերի ուշացման համար սահմանված տույժերից, բայց ոչ հարկերից, և այդ գումարը կազմում է 500 մլն դրամ:

Ինչպե՞ս է կուտակվել «Հրազդան-Ցեմենտ» ՓԲ ընկերության հարկերի գծով միլիոնավոր պարտքը, ինչո՞ւ էր հարկայինը նման խնայողական ռեժիմ կիրառել և ինչո՞ւ է նախագիծը կրկին բերվել, եթե ոչինչ չի փոխվել դրանում և եթե նախորդ նիստում օրինագիծը մերժվել էր: Այս հարցադրումն այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք համոզված ենք սրա ճշմարտացիության մեջ, և սրանով հնարավորություն է տրվում, որպեսզի ընկերությունը վերականգնի իր դիրքերը շուկայում»,- հայտարարեց Ա.Մինասյանը`հավելելով, որ այս նախաձեռնությունն ամենևին բավարար չէ ընկերության վերականգնողական գործընթացի համար:

Նա նշեց, որ պետք է վերազինել գործարանը, բայց այս օրինագիծը հնարավորություն է տալիս շահագործել այն, առանց որի որոշ ժամանակ հետո այն նույնպես դուրս կգա շարքից: Ա.Մինասյանը տեղեկացրեց, որ պարտավորությունները կուտակվել են 2008-09 թթ-ից մինչև 2015թ., այսօր էլ կան կուտակվող պարտավորություններ, որովհետև գործարանը չի կարողանում ամբողջ հզորությամբ գործել:

«Խոսք չի գնում կանխամտածված կամ չարամիտ հարկեր չվճարելու մասին»,- վստահեցրեց Ա.Մինասյանը` նշելով, որ հակառակ դեպքում թե´ ոստիկանությունը, թե´ դատախազությունը պարտականություն ունեն քրեական գործ հարուցելու: Նրա խոսքով` գործարանը վարկեր է վերցրել, տարբեր պատճառներով` շուկայում ստեղծված իրավիճակի և այլն, չի կարողացել գործել և վերադարձնել պարտավորությունը և սա բնական ընթացք է:

«Դուք հերքո՞ւմ եք, որ պետական իշխանությունը սելեկտիվ ներողամտություն է ցուցաբերել Միկա Բաղդասարովի նկատմամբ»,- կրկին հարցրեց Լ.Զուրաբյանը: Ա.Մինասյանը պատասխանեց, որ պետությունը չի կարող գնալ անձի հետևից, եթե կա հանցակազմ, իրավապահ մարմիների պարտականությունն է քրեական գործ հարուցել: Նա շեշտեց, որ օրինագիծը չընդունվելու դեպքում մենք կունենանք 470 գործազուրկ, մենաշնորհային վիճակ այս ոլորտում և պետությունը չի ստանա բուն հարկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս