ՄԱԿ-ը ցանկանում է հետաքննել քրդաբնակ Ջիզրե քաղաքում թուրք զինվորականների հանցավոր գործողությունները
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անկախ դիտորդներին թույլատրել մատչում ունենալ երկրի հարավարևելյան տարածքներին, հայտնում է BBC-ն:
Ինչպես նշվում է հանձնակատարի հաղորդագրության մեջ, ՄԱԿ-ն անհանգստացնող հաղորդագրություններ է ստացել հանցագործությունների մասին, որոնք իրականացրել են թուրք զինծառայողները Ջիզրե քաղաքում անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիսը:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ թուրք դիպուկահարները ու տանկիստները պատասխանատու են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանությունների համար:
Տեղեկություններ են հաղորդվում նաև կտտանքների, անօրինական կալանավորումների ու քաղաքային ենթակառուցվածքների ոչնչացման մասին:
Բացի այդ՝ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ մի քանի հարյուր մարդ, ով գտնվել է քաղաքի նկուղներում, ողջ-ողջ այրվել է թուրք զինծառայողների կողմից:
Դեկտեմբերին Ջիզրեում պարետային ժամ էր սահմանվել: Թուրքիայի իշխանությունները դա բացատրել էին նրանով, որ շրջանում հաճախակիացել են քուրդ անջատողականների հարձակումների դեպքերը: