«Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով». Արտեմ Ասատրյան
«Կամավորների կարգավիճակի առումով մենք այսօր օրենսդրական խնդիր ունենք, այդ բացը պետք է լրացնենք, որպեսզի կամավոր մասնակցածների համապատասխանությունը զինծառայողների հետ կարողանանք ապահովել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով սահմանում զոհվածների հարազատներին նպաստով ապահովելու մասին՝ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ այդ բոլոր սոցիալական երաշխիքների համակարգերի որոշման նախագծերը շրջանառվել են, քննարկվել են պետական կառավարման մարմինների հետ: «Մենք խնդիրներ ունեինք՝ աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված, այդ առումով ևս նախատեսել ենք համապատասխան օրենսդրական նախաձեռնություն»,- նշեց նախարարը:
Խոսելով այն մասին, թե ի՞նչ չափի նպաստների մասին է խոսքը, նախարարն ասաց, որ գումարների չափը սահմանված է օրենսդրությամբ.
«Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով, 1 մլն 400 հազար դրամի չափով գումար է տրամադրվում հուղարկավորության կատարման համար, 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար: Այս բոլոր գումարները միանվագ կերպով վճարվում են զոհվածների ընտանիքներին: Այս ամենից բացի, զոհվածների ընտանիքներին նշանակվում է կենսաթոշակ ամսական չափով, գումարի չափը պայմանավորված է նրանով, թե զինծառայողն արդյոք սպայակա՞ն կազմից է, թե՞ շարքային: Մենք ունենք նաև պարգևավճարների համակարգ, որոնք տարբերակված են երեխաների, ընտանիքի այլ անդամների համար: Այս բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, բոլոր ընտանիքներին գումար տրամադրելն ընթացքի մեջ է»:
Հարցին, թե ծնողները պետք է դիմե՞ն, որ ստանան այդ գումարները, թե՞ դա պարտադիր բոլորին տրվում է, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց.
«Դրա համար մենք ընդգրկել ենք սոցիալական աշխատողներին, որպեսզի սոցիալական աշխատողներն այդ բոլոր ընտանիքների հետ կապված համապատասխան աշխատանք տանեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: