Նալբանդյանը Զալբերին ներկայացրել է բանակցային գործընթացին Ադրբեջանի ագրեսիայի հասցրած վնասը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախարար Նալբանդյանը դեսպան Զալբերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով նախարար Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական հիմքի շուրջ բանակցություններին: