«Մամեդյարովի հետ Բրյուսելում հանդիպում առայժմ պլանավորված չէ». Ջեյմս Ուորլիք
Առայժմ Բրյուսելում ծրագրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իհարկե, ես և իմ ֆրանսիացի և ռուս գործընկերները զսպվածության կոչ ենք անում կողմերին: Մենք պարբերաբար շփման մեջ ենք նախարարների հետ՝ նպատակ ունենալով ընդգծել բանակցությունների կարևորությունը բազմակողմ խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- ասել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Մամեդյարովը ասել էր, թե հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի կեսին հանդիպում ունենա Եվրոպայի քաղաքներից մեկում:
«Ես համաձայնություն եմ տվել հանդիպմանը: Մոտ ժամանակներս կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպումը: