Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է անում Վարշավայի գագաթաժողովին «ուժեղ մեսիջ» հնչեցնել Վրաստանի անդամակցության հարցով
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ռազմավարական են ու օրինակելի:
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով կոմիտեն ընդգծում է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունները ռազմավարական են և օրինակելի, ինչպես նաև ուշադրություն է դարձնում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության և եվրատլանտյան անվտանգության ամրապնդման հարցում դերակատարության վրա: ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն ու ընդլայնման գործընթացը տեղի է ունենում համաձայն ազատ կամքի և հայցորդ երկրների նախասիրությունների հիման վրա և սպառնալիք չի ստեղծում երրորդ երկրների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Վրաստանը ունի կարևոր դեր եվրաատլանտյան տարածաշրջանի կայունության և անվտանգության տեսակետից:
«Կոմիտեն գիտակցում է որոշումների կարևորությունը, որոնք կայացվելու են 2016 թվականի հուլիսի 8-9-ը՝ Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ կոմիտեն աջակցություն է հայտնում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի իրականացրած փաթեթին ու արդեն իսկ իրականացված բարեփոխումների ֆոնին կազմակերպության անդամներին կոչ է անում Վարշավայում «ուժեղ հայտարարություն» անել, ինչը ևս մեկ քայլ առաջ կդառնա Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացում: