Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Արցախում Սամվել Ալեքսանյանի «հայրենասիրական» նկրտումներն ու բանակին ցուցաբերած օգնությունն իրենց գինն ունեն, որը վճարվելու է մեր բոլորիս գրպաններից։ Մի քանի ֆուռ օգնություն ուղարկելուց հետո Սամվել Ալեքսանյանը որոշել է անմիջապես վերականգնել կրած վնասը ու մայիսի 2-ից 1 դոլարով թանկացրել է մեկ պարկ ալյուրի գինը։ 15 տարի է, ինչ Հայաստանում ալյուրի գինը թելադրում է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի Բաղրամյանի ալրաղաց գործարանը։ Տարեսկզբին այս գործարանը 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը վաճառում էր 29,2 դոլարով, իսկ երբ սկսեց Ռուսաստանից ալյուր ներկրել, ալյուրի գինն աստիճանաբար իջավ-հասավ 22 դոլարի։ Ալյուրի գները նշում ենք դոլարով, քանի որ տնտեսվարողները հավաստիացնում են, որ Ալեքսանյանին պատկանող գործարանից ալյուրը կարելի է ձեռք բերել բացառապես դոլարով։ Իսկ մայիսի երկուսից 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը դարձել է 23 դոլար։ Ու որպեսզի գործարար-պատգամավորը «պալիտ» չլինի, հրահանգել է, որ ալյուրի շուկայում մյուս խոշոր ընկերությունը՝ «Մանանա գրեյնը», նույնպես դիմի այդ քայլին։ Այս երկու ընկերություններին է բաժին հասնում ալյուրի շուկայի 80 տոկոսը։ Մյուս ընկերություններում հիմնականում գնային փոփոխություններ չեն նկատվում։
Երեկ մեզ չհաջողվեց կապվել գործարարի հետ, «Բաղրամյանի ալրաղացի» արտադրամասի պետ ներկայացած Սայաթը մեզ հայտնեց, որ ինքն արտերկրում է՝ Ռուսաստանում, տեղյակ չէ՝ ալյուրը թանկացել է, թե ոչ։ «Ցորենի հետ կապված՝ կարող է թանկացում լինի»,– փորձեց գուշակել նա։ Ալրաղացի հաշվապահության ներկայացուցիչն էլ հայտնեց, որ բարձր որակի ալյուրը դարձել է 10.560 դրամ. «Մեկ դոլար թանկացել է, երևի ցորենի գնի հետ կապված»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: