Հեքաթոն` անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ
Վերջին շրջանում մի շարք խմբեր են ստեղծվել՝ թե´ կազմակերպությունների, թե´ անհատների մասնակցությամբ, որոնք առաջարկում են լուծել մեր պաշտպանության ոլորտի խնդիրները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ հնարավոր չի լինում բոլորին մեկ տեղում բավականաչափ ժամանակով հավաքել, սահմանել խնդիրները և ստանալ ձևակերպված առաջարկներ։
«Արմիքս» հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, քանի որ իրենք տարբեր խնդիրների վերաբերյալ ոլորտային հեքաթոններ կազմակերպելու բավականին մեծ փորձ ունեն, առաջարկում են կազմակերպել Հեքաթոն հենց ԱԹՍ-ների վերաբերյալ ուծումներ ստանալու նպատակով, որտեղ հնարավոր կլինի` և որպես փորձագետներ ներգրավել մի շարք հայ գիտնականների արտերկրից։ Ըստ նրա՝ մասնագետների մի խումբ քննարկում է կազմակերպել ռազմական փորձագետի հետ, ներկայացրել է, թե ինչ կարող են անել ՊՆ-ի համար.
«Սկզբում փորձագետը բավականին թերահավատորեն էր խոսում նրանց հետ, բայց հետո սկսեցին լուրջ քննարկել, և ծագեց հեքաթոնի գաղափարը՝ կոնկրետ ԱԹՍ-ների մասով, թե ինչպես դրանք հայտնաբերել, կառավարումը որսալ և ոչնչացնել: Այսինքն՝ մենք չենք մտնում ամբողջ ոլորտի մեջ, հավաքում ենք այն երիտասարդ փորձագետներին, որնք աշխատում են, օրինակ՝ «Թումոյում», «Մակդամյանում», «Սինոփսիսում», նրանց տրվում են ԱԹՍ-ների մասով խնդիրներ, և փորձում են լուծումներ գտնել: Եվ կամ ՊՆ-ն կամ այն ընկերությունները, որոնք զբաղվում են այդ խնդիրներով, նրանց հետ աշխատում են»:
Վ. Հովսեփյանը նշեց, որ դիմել են ԻՏՁՄ-ին, ՁԻՀ-ին, Կիբեռ անվտանգության հիմնադրամին, որպեսզի ստեղծվի կազմկոմիտե, և բավականին դրական պատասխաններ են ստացել: Նա նշեց, որ վաղը կկազմակերպվի նման նիստ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ. «Համատեղ ոլորտային նախաձեռնությունն է լինում»:
Թե ինչո՞ւ նախկինում ՏՏ ոլորտի և ՊՆ-ի համագործակցությունը չի հաջողվել, Վ.Հովսեփյանի կարծիքով՝ բարդ հարց է: Նա տեղեկացրեց, որ մշակվում է համագործակցության ծրագիր՝ «Ինովացիոն համակարգերը՝ պաշտպանության ոլորտում», Էկոնոմիկայի նախարարության, ոլորտային ձեռնարկությունների և նախաձեռնող խմբի կողմից. «Հուսով ենք, մինչև շաբաթվա վերջ դրա շնորհանդեսը կլինի: Նախատեսվում է ստեղծել կառույց, որը վեր կհանի խնդիրները, կապահովի ոլորտային ասոցիացիաների և փորձագիտական խմբերի համագործակցությունը՝ կոնկրետ խնդիրների լուծման համար»: