«Այս շատ ծանր ու տհաճ միջադեպը չի կարող ստվեր գցել երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների վրա»
Ախալցխայի շրջանի մի քանի գյուղերի հայ երիտասարդների մասնակցությամբ միջադեպը չի կարող որևէ ստվեր գցել Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների վրա: Այս մասին մայիսի 9-ին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` Հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են հարցը քննարկել Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ, որոնց այցն սպասվում է առաջիկայում: «Այս շատ ծանր ու տհաճ միջադեպը չի կարող ստվեր գցել երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների վրա: Մենք, բնականաբար, ունենք բավականին ակտիվ հարաբերություններ խորհրդարանական մեր գործընկերների հետ, մոտ ժամանակներս սպասում ենք Վրաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը: Կարծում եմ` նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»,- հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդության համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված և գյուղի տարածքում գտնվող սրբավայր` հանդիպել են տեղում խնճույք կազմակերպած ու ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց: Նրանք եղել են հարևան Վալե քաղաքից, ու, չհասկանալով հայ երիտասարդների ուզածը, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Արդեն կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից բերման է ենթարկել երիտասարդներին: Բերման ենթարկված հայ երիտասարդները տեղեկացրել են, որ ոստիկանությունում նրանց բռնության են ենթարկել, ծաղրական արտահայտություններ են թույլ տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կապ է հաստատել տեղի իշխանությունների հետ, ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման համար: Մայիսի 2-ի դրությամբ ձերբակալվածներ չկան: