«Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի կարող Ղարաբաղի հարցում որևէ քայլ անել, որը չի բխի Արցախի ժողովրդի շահերից». Նաիրա Զոհրաբյան

«Հատկապես հիմա, ապրիլյան այս պատերազմից հետո, որը ես հայրենական պատերազմ եմ անվանում, արժեքների վերագնահատում պետք է լինի»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում այս մասին ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով Արցախի անկախության ճանաչման մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ բացառում, որ հիմա այստեղից դուրս գանք, մեզ կանչեն արտահերթ նիստի, ու Ղարաբաղի ճանաչումը լինի 3 րոպեի հարց, բայց մենք պետք է հասկանանք՝ այս պահին ճանաչումն ի՞նչ է տալու մեզ, այստեղ պակաս կամ ավել հայրենասեր լինելու հարց չէ, այստեղ ճիշտ պահին մեր ոսկե հնարավորությունը ճիշտ օգտագործելու խնդիր է: Թե ե՞րբ է ճիշտ պահը, այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ իրադրություններից»:

Ն. Զոհրաբյանը համոզված է, որ մեր դիրքորոշումն անպայմանորեն պետք է կոշտացնենք միջազգային հանրության հանդեպ. «Նաև միջազգային հանրության քար լռությունը և ոչինչ չասող անդեմ հայտարարություններն էին պատճառը, որ Ալիևի և իր կլանի հռետորաբանությունը դարձավ ավելի ցինիկ»:

Ն. Զոհրաբյանը համոզված է՝ Հայաստանի որևէ իշխանություն ԼՂՀ հարցում Հայաստանի ազգային շահերին չի դավաճանել. «Չեմ էլ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանություն երբևէ կարող է Ղարաբաղի հարցում որևէ քայլ անել, որը չի բխի Արցախի ժողովրդի շահերից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս