Գիտնականներն առաջին անգամ մարդու երկշաբաթյա սաղմ են աճեցրել լաբորատորիայում
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ կարողացել են մարդու երկշաբաթյա սաղմեր աճեցնել լաբորատորիայում: Այս մասին ասված է Nature հանդեսում հրապարակված հոդվածում:
Առաջին անգամ գիտնականները ցույց են տվել, որ մարդու սաղմը կարող է մի քանի օրից ավելի զարգանալ՝ ըստ որում չգտնվելով արգանդում: Նախկինում համարվում էր, որ դա հնարավոր չէ:
Փորձերը կատարել են Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները. 12 օր սաղմը բացարձակապես նորմալ է զարգացել, թեեւ գտնվել է լաբորատորիայում:
Սա խոշորագույն գիտական ճեղքում է, որը կարելի կլինի օգտագործել անպտղության, ինչպես նաեւ վաղ վիժումների բուժման համար:
Նաեւ դա գիտնականներին կօգնի հասկանալու, թե ինչպես են զարգանում մարդու օրգանիզմը եւ բջիջները: Այդ գիտելիքները կօգնեն բազմաթիվ հիվանդություններ բուժելիս:
Սակայն գիտնականներն ստիպված են եղել դադարեցնել գիտափորձն օրենսդրական սահմանափակումների պատճառով: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ շատ այլ երկրներում գործում է «14 օրերի կանոնը». մարդու սաղմը չի կարելի լաբորատորիայում աճեցնել երկու շաբաթից ավելի: