«Հայաստանը կարող է տարանցիկ կետ դառնալ Ռուսաստանի և Իրանի միջև». ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Հայաստանը կարող է տարանցիկ կետ դառնալ Ռուսաստանի՝ Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրի համար: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Հայաստանի շուկան այդքան Էլ մեծ չէ: Այն կարող էր տարանցման կետ դառնալ Իրանի, Վրաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ առևտրի համար: Ամենագլխավորը, իհարկե, Իրանն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքի օգտագործման նկատմամբ, որպես տարանցիկ երկիր, շահագրգռությունը մեծ է, բայց գոյություն ունի խնդիր՝ կապված տրանսպորտային լոգիստիկայի կազմակերպման դժվարությունների հետ: «Հարկավոր է կառուցել դեպի Իրան ձգվող երկաթուղի և վերակառուցել դեպի Ռուսաստան ձգվող երկաթուղու աբխազական հատվածը: Կան մի շարք քաղաքական պահեր, որոնց լուծմանը բիզնեսը սպասում է»,- ասել է նա:

Սակայն, բացի այդ, ըստ առևտրային ներկայացուցչի, բավական հեռանկարային կարող է լինել նաև հենց Հայաստանի հետ առևտրային կապերի ընդլայնումը: «Ռուսական մեքենատեխնիկական արտադրանքի մատակարարումները Հայաստանին միանգամայն հնարավոր են ու պահանջված, մեր տեխնիկան Հայաստանում գնահատվում է: Վաճառքներին կարող է խթան հաղորդել արտահանման աջակցման ծրագիրը, որն իրականացվում է Ռուսաստանում»,- նշել է Բաբկոն:

Վերջինս նկատել է, որ ներկայում Հայաստանի շուկայում այնքան էլ շատ չեն սպառողները, որոնք պատրաստ են գնել միանգամից սեփական գումարով, սակայն նրանք կան: Գնվում են բուլդոզերներ, տրակտորներ, կոմբայններ:

Նա նշել է, որ Հայաստանում հետաքրքրություն կա նաև ռուսական մեքենաշինության նկատմամբ: «Ռուսական ավտոմեքենաները պահանջված են: Ներկայում «Գազելները» շատ ակտիվ վաճառվում են, մեր նոր «Գազել» ավտոբուսները նույնպես հաճույքով օգտագործվում են: Մատակարարվում են նաև նոր «Նիվաներ»»,- ասել է նա:

Ռուսական բիզնեսը, ըստ Բաբկոյի, ներկա է Հայաստանի արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի առևտրում:

«Հիմա գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որով մենք ակտիվորեն զբաղվում ենք: Այստեղ ռուսական բիզնեսն այնքան էլ ուժեղ չէ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է վերսկսել քննարկումը «Ռոսագրոլիզինգի» շուրջ: Կգործի նաև «Ռոսսելխոզբանկը»: Առայժմ այն Հայաստանում գործում է՝ որպես ներկայացուցչություն, այլ ոչ թե՝ որպես գործառնական բանկ»,- ասել է նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս