Բաժիններ՝

Արդյոք ներդրումային ծրագիրը կարո՞ղ է ազդեցութունը թողնել էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագիրը: Ինչպես հանձնաժողովի նիստում նշեց ընկերության սակագնի ձևավորման բյուջետային վերահսկողության բաժնի պետ Արմեն Գևորգյանը, ներդրումային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 19 մլրդ 895 մլն դրամ:

2016 թվականի ներդրումային ծրագրի միջոցները հիմնականում ուղղվելու են հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, ինչպես նաև առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը:

«Ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել այն, որ ընկերության հաշվեկշռում գտնվող էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման համակարգի շինարարությունը հիմնականում կատարվել է 1960-1970-ական թվականներին, և դրանց զգալի մասը շահագործվում է ավելի քան 50 տարի: Դրանց միջին մաշվածությունը, ըստ անկախ մասնագետների գնահատականի, գերազանցում է 80 տոկոսը: Այս խնդիրների լուծումներից է կախված բաշխիչ ցանցերի հուսալի աշխատանքը»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ ներդումների արդյունքում սպառողին հնարավորություն կտրվի էլեկտրաէներգիայի օրական ծախսին առցանց հետևել: «Այն սպառողներին, ովքեր չունեն կապի ժամանակակից միջոցներ առցանց հետևելու համար, ընկերության կողմից կտրամադրվեն սարքավորումներ, և ամեն սպառող կարող է հստակ իմանալ իր ծախսի չափաբաժինը: Եթե ունեք համակարգիչ, ինտերնետ, ապա կարող եք ծախսած էլեկտրաէներգիայի ծավալներին հետևել առցանց: Այդ ծրագիրը նախատեսվում է մինչև տարվա վերջ ներդնել երկու թաղամասերում` Սարի թաղում և Էրեբունիում: Հինգ տարվա ընթացքում բոլոր մեր բաժանորդները կունենան նման հնարավորություն»,-ասաց Արմեն Գևորգյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրամատակարարման ցանցի բարելավումը: 78 շենքի 225 մուտքերում կիրականացվեն ցանցի բարելավման աշխատանքներ: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ այդ հարցում պետք է աշխատեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Արդյո՞ք այս ներդրումային ծրագիրը կարող է ազդեցութունը թողնել էլեկտրաէներգիայի սակագնի վրա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ սակագինը մի քանի գործոններով է հաշվարկվում:

«Սպառողի համար սակագնի վրա ազդեցություն կգործի, թե ոչ, դա ընկերության լիազորությունների շրջանակում չէ, բայց կարող եմ ասել, որ այդ ներդրումն իրականացնելը մեր մարժայի վրա ազդեցություն կթողնի 0,6 դրամի չափով, բայց վերջնական սակագինը ձևավորվում է ոչ միայն վերջնական մարժայից, այլ նաև ուրիշ գործոններից, դրանց հանրագումարում, ինչու չէ, կարող է նաև սակագինը նվազել»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ հոսանքանջատումների խնդրին: «Հոսանքանջատումների տևողության ու դրանց հաճախակիության նվազեցումը շատ կարևոր է: Իրականում հոսանքի անջատումները լուրջ խնդիր են հասարակության համար: Եթե առանձին անհատներն այդ անջատումներից լուրջ վնասներ չեն կրում, ապա նույնը չենք կարող ասել ընկերությունների պարագայում: Այդ անջատումները նրանց լուրջ վնաս են հասցնում, հետևաբար պետք է աշխատել, որ անջատումների դեպքերը հասցվեն նվազագույնի»,-ասաց Ռոբերտ Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս