«Նալբանդյանը փոքր-ինչ խորամանկում է, Լավրովը Երևան ծրագիր բերել էր». Ալեքսեյ Մարտինով
«ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը փոքր-ինչ խորամանկում է` ասելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան առաջարկների նոր փաթեթ չէր բերել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Մոսկվան կողմերին առաջարկում է կարգավորման փուլային տարբերակ, որին Ադրբեջանը դեմ չէ, և Նալբանդյանի այն հայտարարությանը, թե Լավրովը Երևան նոր առաջարկներ չի բերել: Ըստ Մարտինովի, Ռուսաստանի դիրքորոշումը խաղաղություն հաստատելն է, և ոչ թե՝ այս կամ այն կողմի օգտին հանդես գալը: «Ես կցանկանայի, որպեսզի կողմերը կարգավորեին իրենց հարցերը բանակցային սեղանի շուրջ, և ոչ թե՝ շփման գծում»,- ասաց Մարտինովը:
«Լավրովը բերել էր ծրագիր, այլ հարց է, որ այն փոխզիջումային է: Որքան որ ես եմ հասկանում, այսօր խոսքն այն մասին է, որ բանակցային գործընթացին մասնակից դառնա ԼՂՀ-ն` որպես բանակցային կողմ: Ապրիլյան պատերազմով իրավիճակը կտրուկ կերպով փոխվել է, և այսօր ամենաքիչը պետք է խոսել այն մասին, որ այդ կողմն ունի բոլոր հիմքերը, որպեսզի մասնակցի բանակցություններին՝ որպես լիիրավ կողմ, քանի որ ԼՂ հակամարտությունը զարգանում է Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև, և վերջին սրացումը դա հստակ ցույց տվեց: Ղարաբաղը չճանաչված, բայց ամբողջական պետություն է, և նրա ներառումը բանակցային գործընթացում կլինի ԼՂՀ քաղաքական ճանաչում ոչ միայն՝ Հայաստանի ու Ադրբեջանի, այլև՝ ողջ աշխարհի կողմից: Ակնհայտ է, որ դրանից զգուշանում է և վախենում ադրբեջանական կողմը, ուստի խոչընդոտում է դրան: Ռուսաստանը, կարծում եմ, ևս այդ ձևաչափին կաջակցի: Ինձ թվում է, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին կունենա նաև միջազգային աջակցություն, և դա խաղաղության ուղին է: Ներկայումս ոչ միայն հակամարտող կողմերի, այնպես էլ միջնորդների խնդիրը կայուն խաղաղության հաստատումն է Հարավային Կովկասում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսեյ Մարտինովը: