Երրորդմասցի Լյովիկի և ընկերների ուղղությամբ 82 փամփուշտ կրակահերթ է արձակվել. մեղադրական եզրակացություն
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների գործով նախ՝ հարցաքննել վկաներին, տուժողների իրավահաջորդներին, հարցաքննել ամբաստանյալներին, հետազոտել գործում եղած ապացույցները:
Տուժողի իրավահաջորդներից մեկից դատարանը դիմում էր ստացել, որում վերջինս հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով դատարանին խնդրում է իր բացակայությունը հարգելի համարել, դատական նիստերն անցկացնել իր բացակայությամբ՝ հիմք ընդունելով նախաքննական ցուցմունքը: Դիմումով տուժողի իրավահաջորդը հայտնել էր, որ ամբաստանյալներից որևէ պարտք ու պահանջ չունի, խնդրել նրանց պատժել օրենքի սահմաններում:
Մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) մեղադրվում է այն բանում, որ նա, գործով տուժողներ Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և վերջիններիս մերձավոր ընկերական շրջապատի, այդ թվում՝ Մեսրոպ Նազարյանցի հետ, տևական ժամանակ գտնվելով լարված, անբարյացակամ ու գժտված փոխհարաբերությունների մեջ, 2014թ. մայիսին Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած, իր մտերիմների հետ կապված հերթական միջադեպից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, նպատակադրվել է սպանության միջոցով վրեժխնդիր լինել վերը նշված իր ախոյաններից, և հանցավոր այդ մտադրության իրականացման համար, ընկերների՝ «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանի և «Ծգլ» մականունով Սարգիս Գրիգորյանի հետ միասին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ակտիվորեն ձեռնամուխ են եղել դրա նախապատրաստությանը, որը հաջողվել է իրականացնել 2015 թվականի մարտի 4-ին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լևոն Ղազարյանի և մյուսների տեղաշարժի մասին տեղեկություններ ունենալու, այն վերահսկելու նպատակով պարզվել և Սարգիս Հախանումյանի կողմից առանձին ցուցակագրվել են Լևոն Ղազարյանի և նրա շրջապատի հետ կապ ունեցող անձանց ավտոմեքենաների մակնիշները և համարանիշերը, այդ թվում՝ «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, որում սպանության պահին գտնվել են Լևոն Ղազարյանը և Դրաստամատ Թադևոսյանը։
Սպանության նախապատրաստության ընթացքում շրջապատից հեռու գտնվելու, անհրաժեշտ հավաքատեղի, համատեղ բնակության վայր, ինչպես նաև՝ հանցագործության կատարման համար օգտագործված ավտոմեքենան և հանցագործության մյուս գործիքները պահելու նպատակով Սարգիս Հախանումյանը եղբոր միջոցով բրոքերական գործունեությամբ զբաղվող ԱՁ միջնորդությամբ պայմանագրով վարձակալել է Նորքի այգիներ հասցեում գտնվող տունը: Գործարքն իրականացնելիս ամբաստանյալի եղբայրը ներկայացել է Նարեկ անունով, իսկ տան վարձակալությունը պատճառաբանվել է, թե իբր եղբայրը՝ Սարգիսը, ժամանելու է ԱՄՆ-ից և ընտանիքի հետ միասին բնակվելու է նշված տանը։ Հետագայում, արդեն տանը բնակվելու ժամանակ, «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը բնակարանի տիրոջը ներկայացել է Մանուկ անունով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը և մյուսները ձեռք են բերել անհայտ անձի կողմից Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող շենքի բակից գաղտնի հափշտակված «Վազ 2107» մակնիշի, սպիտակ գույնի ավտոմեքենան, որի վրա տեղադրվել է գողացված համարանիշ։ Ավտոմեքենան պարբերաբար տեղափոխվել և կայանվել է առանձնատան ավտոտնակում, որտեղ այն վերանորոգվել և մինչև հանցագործության օրը սարքին վիճակի է բերվել։ Խումբն ապօրինի ձեռք է բերել և պահել է 3 ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքի օրը՝ 2015թ. մարտի 4-ին, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախապես տեղեկություններ ունենալով, որ տուժող Լևոն Ղազարյանն այդ օրը գնալու է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ անազատության մեջ պահվող Դավթի Իսպիրյանին տեսակցելու նպատակով, ավտոմեքենայով նախապես՝ ժամը 10։55-ի սահմաններում, ժամանել են «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածք և դիրքավորվելով ավտոկայանատեղիում՝ դարանակալել են՝ իրենց տեսադաշտում պահելով ինչպես՝ ավտոկայանատեղին, այնպես էլ՝ ՔԿՀ-ի վարչական շենքի մուտքի մատույցները։ Տարածքում չնկատվելու, ուշադրություն չգրավելու և չճանաչվելու համար, օգտվելով ավտոմեքենայի մգեցված ապակիների անթափանցելիությունից, մնացել են ավտոմեքենայում և սպասել։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված, վերջինիս անվտանգությունն ապահովող անձանց թվում ընդգրկված Մովսես Նազարյանցն ավտոկայանատեղի ժամանել է Լևոն Ղազարյանի գալուց որոշակի ժամանակ առաջ՝ տարածքի անվտանգությունն ուսումնասիրելու համար, սակայն ավտոմեքենայում դարանակալած անձանց չի նկատել։ 2015թ. մարտի 4-ին, ժամը 13։50-ի սահմաններում ավտոմեքենայով ժամանել և ավտոկայանատեղի են մուտք գործել Լևոն Ղազարյանը և Դրաստամատ Թադևոսյանը, որոնց, ավտոմեքենայից դուրս գալիս անմիջապես հետո, մոտեցել է Մովսես Նազարյանցը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ նույն պահին «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս գալով՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, նախնական համաձայնությամբ, սպանելու դիտավորությամբ՝ առնվազն թվով 82 փամփուշտ կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: 3 ինքնաձիգերը, ավտոմեքենան թողնվել են դեպքի վայրում, իսկ ամբաստանյալները ոտքով, բակային ճանապարհներով հեռացել են Նուբարաշեն-Երևան ավտոճանապարհի ուղղությամբ։ Րոպեներ անց, հասնելով ավտոմեքենաների վերանորոգման կետի մոտ, տեղում աշխատողին ներկայացրել են, թե իրենցից Վահան Հակոբյանն իբր վատ ինքնազգացողություն ունի, և խնդրել են տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց, սակայն, երբ նստել են ավտոմեքենան և շարժվել են, հիվանդանոց մեկնելու փոխարեն՝ խնդրել են իրենց տանել Նոր Նորքի 2-րդ զանգված։
Ըստ մեղադրական եզրակացության՝ հասնելով Երևանի Նոր Նորք համայնքում գործող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների խանութ-սրահի մերձակա տարածք, երեքով իջել են ավտոմեքենայից, այնուհետև նստել են տաքսի ավտոմեքենա և մեկնել են Երևանի Ավան-Առինջ թաղամաս, որտեղից էլ ոտքով գնացել են Սարգիս Գրիգորյանի ծանոթներին պատկանող տաքսի ծառայության գրասենյակ:
Մյուս ամբաստանյալների մեղադրանքը նույն ձևակերպումն ունի: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 10-ին: