«Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր». Աշոտ Աղաբաբյան. «Հրապարակ»

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետեւում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների։

ՊԲ բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը երեկ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, չպատասխանեց հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը նոր գրոհի է պատրաստվում։ «Ինչ է, եթե պատրաստվեր, ես պետք է ասեի՞»,- մուննաթ եկավ Հասրաթյանը։

Հարցրինք՝ իսկ կուտակումներն իրենց մասշտաբայնությամբ նման են ապրիլմեկյան դրությանը, գուցե ավելի կամ պակաս մասշտաբային են։ Խոսնակն ասաց, որ ինքը չի կարող համեմատել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, մինչդեռ, երեկ չէր բացառել, որ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների։

Նա ասել էր, որ տոն օրերին հակառակորդն աննախադեպ ակտիվանում է։ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որը մի խումբ կամավորների հետ նախօրեին է վերադարձել Արցախից, որովհետեւ նոր հերթափոխ է եղել, նույնպես չբացառեց նոր գրոհի հավանականությունը։

«Ադրբեջանի հանդարտությանը չի կարելի խաբվել, մի բան եթե քաղաքական ճանապարհով չի լուծվում, ռազմականով է լուծվում»,– ասաց նա։

Անդրադառնալով հակասական տեղեկություննեին, որ կամավորներն ավելի շատ խանգարել, քան օգնել են զինվորներին, որ սահմաններ չեն հսկել, ՀՀԿ-ականն ասաց, որ իրենց առաքելությունը եղել է զինվորին չխանգարելը։

«Մենք չորս օր ենք անցկացրել սահմանին, առաջին գծում՝ փոխարինելով զինվորներին։ Իրենք եկան-լողացան, հանգստացան, հետո մենք անցանք ինժեներական աշխատանքների։ Մոտ 400 մետր խրամատ ենք փորել, մեր միսիան դա էր։ Իմաստ չի ունենա, որ մեր տարիքի զինվորը գնա առաջնագիծ, որովհետեւ այսօր էլեկտրոնային դար է, ասենք, դիպուկահարը կարող է կամպյուտերով խփի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս