Բաժիններ՝

Անգրագիտությունը շարունակվում է «Քիմիա» 8 և 9 դասագրքերում

«Անտարես», «Պրոսվեշչենիե», Ե. 2014, 2015

Խոսքը վերաբերում է ռուսերենից թարգմանված Քիմիա-8 և 9 դասագրքերին. հեղինակներ՝ Գ. Ռուձիտիս, Ֆ. Ֆելդման, փոփոխությունները՝ Կ. Ավետիսյանի (այսուհետ` հեղինակներ): Նույն հեղինակների Քիմիա-7 դասագրքում (Ե. 2013) տեղ գտած համատարած սխալները, անճշտությունները և հետամնացության դրսևորումները, որոնց մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ (տես՝ «Որքան կարելի է հանդուրժել անգրագիտությունը», 17.06.2015թ. հոդվածում և chemistry.am/qimia-7-antares-2013) շարունակվում են նաև հիշյալ դասագրքերում:

  1. § 1.1-ի առաջին իսկ նախադասությունը (Քիմիա-8) փակուղու առաջ է դնում աշակերտին. «… որոշակի շառավիղներով պտտվում են բացասական լիցք ունեցող էլեկտրոններ»: Նշենք, որ քիմիական գրագիտությունից շատ հեռու է էլեկտրոնների` ինչպես շառավիղներով պտտվելու, այնպես էլ բուն պտտվելու գաղափարը:
  2. Քննարկվող դասագրքերում հաճախ է պահանջվում ներկայացնելու իոնային կապով միացությունների կառուցվածքային (գրաֆիկական) բանաձևեր, որը ևս քիմիական գրագիտության բացակայության հետևանք է:
  3. Էջ 11. Անհասկանալի է այն մոլուցքը (տես, օրինակ, 5 խնդիրը), որ ամենուրեք դրսևորվում է նշված դասագրքերում, երբ խնդիրներ կազմելիս զանգվածի համար օգտագործում են տոննան կամ կիլոգրամը: Կարծես աշակերտը հենց հաջորդ օրը պետք է գործարան գնա և ինչ-ինչ տեխնոլոգիական գործընթաց իրականացնի: Ինչո՞ւ բարդացնել քիմիայի ուսուցումը դպրոցում:
  4. Դասագրքերում ամենուրեք առկա են սխալ սահմանումներ և գաղափարներ,, անհեթեթ և անտրամաբանական մտքեր, ֆիզիկաքիմիական մեծությունների միավորների մերժելի գրելաձևեր և այլն`էջ` 5, 13, 17, 20, 21, 22, 27, 30, 51, 60, 61` Քիմիա-8, էջ` 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-21` Քիմիա-9:
  5. § 2.5. –ի առաջին իսկ պարբերությունը կարդալիս չգիտես ծիծաղես, թե լաց լինես, երբ սևով սպիտակի վրա գրված է, թե նյութերի զանգվածային հարաբերությունները պետք է դիտել որպես որակական հատկանիշ, իսկ մասնիկների թվային հարաբերությունը` որպես քանակական հատկանիշ: Իսկապես ողբալի իրողություն է:
  6. Առաջարկվում են խնդիրների լուծման հնացած և մերժելի եղանակներ. որոնք հաճախ ունենում են սխալ և անտրամաբանական դրսևորումներ. օրինակ` §3.6:
  7. Դասագրքերում կան նաև ոչ քիչ թվով ծիծաղաշարժ արտահայտություններ, ինչպես օրինակ նյութի քանակը նշանակում են հունարեն n տառով» (հեղինակները չգիտե՞ն, որ դա լատինական այբուբենի տառ է), կամ «քանի՞ մոլեկուլ է պարունակում 0,2 մոլ ցինկը» և այլն, որոնք սակայն կարող են ծաղրի առարկա դառնալ աշակերտների շրջանում, և արգահատանք առաջացնել քիմիա առարկայի հանդեպ:
  8. Հեղինակների անփութության և անհետևողականության հետևանքով դասագրքերում անհամար են քիմիական բնույթի վրիպակները, որոնք պարզապես խոչնդոտում, հաճախ էլ նույնիսկ արգելափակում են նյութի ընկալումը /էջ` 167, 170, 172, 173, 174, 175`Քիմիա-8, § 1.2, 1.3` Քիմիա-9/:

Նշված թերություներին առավել հանգամանորեն կարելի է ծանոթանալ այս կայքում:

Ո՞վ պետք է պատասխան տա հետևալ հարցերին:

  1. Հնարավո՞ր է նման անորակ դասագրքերով կրթական խնդիրներ լուծել հայաստանյան դպրոցներում:
  2. Մի՞թե այսպիսի ապագա էինք պատկերացնում մենք 21-րդ դարում:
  3. Դեռ որքա՞ն ժամանակ սույն դասագրքերով (7, 8, 9) կարելի է փորձության ենթարկել աշակերտներին և արհամարհանք առաջացնել քիմիա առարկայի նկատմամբ:

ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դասախոսներ`

Ռ. ԱԴԱՄՅԱՆ, ԳՎ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՐ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ն. ԴՈՒՐԳԱՐՅԱՆ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հ. ՂԱԶՈՅԱՆ, Ա. ՄԱՐՏԻՐՅԱՆ, Գ. ՍԻՄՈՆՅԱՆ
3.04.2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս