Ադրբեջանի ոստիկանական տեղամասերից մեկում պայթյուն է որոտացել
Ադրբեջանական Contact.az կայքը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին՝ ժ. 07:30-ի սահմաններում Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել:
Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ ոստիկանության տեսուչ Ռովշան Բալիևը բացել է բաժանմունքի դուռը:
Պայթյունի հետևանքով կոտրվել են բաժանմունքի ապակիները ու դռները, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ ինքնաշեն նռնակ է պայթել:
Ադրբեջանի ՆԳՆ-ն տեղեկություն է տարածել, որ հետաքննում է կատարվածի պատճառները: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել ու թե որն է եղել պայթյունի իրական պատճառը:
Ադրբեջանական կայքն ընդգծում է, որ տվյալ շրջանում բազմիցս հարձակումներ են իրականացվել ոստիկանության ու իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Նշենք, որ Զաքաթալայի շրջանը բնակեցված է մեծամասամբ լեզգիներով, ավարներով: