«Հետո հաղորդագրություն գրեց՝ ես քեզ անչափ սիրում եմ…ու անհասանելի դարձավ…»
igyumri.com-ը գրում է. Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի երազանքը իրականացավ՝ պաշտպանեց հայրենիքը սեփական կյանքով:
«Միշտ ասում էր, որ Արցախը մերն է, մեզ է մնալու: Սիրում էր իր ծառայությունը, սիրով էր ընտրել այդ ուղին»,- արցունքները աչքերին ասում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը:
23-ամյա հերոս որդու մասին հիշողություններն ու ասելիքը շատ են: Մայրը հիշում է տղայի չիրականացած երազանքները:
«Երազում էր տուն կառուցել: Ասում էր՝ իմ տունը իմ ձեռքերով եմ կառուցելու, որ միասին ապրենք: Շատ նպատակներ ուներ: Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ: Երբ զանգում էր, միշտ ասում էր, որ շուտով փոքրիկ Նունեն և Արթուրն են ծնվելու: Որոշել էր երեխաներին իմ և հոր անուններով կնքել»,- պատմում է մայրը:
23-ամյա սպան ծառայում էր Թալիշում, որպես հետախուզության վաշտի պետ: Ռազմական մասնագիտությունը փոխել էր՝ նախկինում եղել է մոտոհրաձգային վաշտի հրամանատար:
Մերուժանը նշանածին՝ Զարինային հանդիպել է Շուշիում:
«Սիրում էր անակնալներ պատրաստել: Գալիս էր համալսարանի մոտ, կատակավ ասում էր՝ եկել եմ «պոստեր» քեզ տեսնելու: Երազում էր մեր համար տուն կառուցեր, բայց հայրենիքին ծառայելը ամեն ինչից վեր էր դասում: Շատ էր սիրում իր գործը: Սիրում էր ամենինչ միայնակ անել, չէր սիրում, որ իրեն օգնում էին»- պատմում է Զարինա Բաղդասարյանը:
20-ամյա Զառան, ինչպես սիրում էր նշանածին անվանել Մերուժանը, չի համակերպվում սիրելլի ծանր կորուստի հետ: Ներկայում բնակվում է Մերուժանի ընտանիքի հետ:
«Վերջին անգամ, որ զանգել էր ծիծաղելով ասեց, թե՝ կռիվ է: Մտածեցի, որ կատակ էր անում: Մի քիչ հետո հետ զանգեցի, ասաց, որ անհանգստանալու բան չկա, մի քիչ հետո կզանգեմ: Հետո զանգեցի, զանգեցի՝անհասանելի էր: Երեկոյան զանգեց, մի քիչ հուզված էր: Հարցրեցի ինչու՞ ես հուզված, վիրավո՞ր ես: Բան չասեց, միայն ասաց՝ հերիք է զանգես, լավ նայի քեզ, սպասի՝ 10 օրից կզանգեմ: Դրանից հետո հաղորդագրություն գրեց՝ ես քեզ անչափ սիրում եմ…ու անհասանելի դարձավ: Եթե հնարավորություն ունենայի կասեի՝ խնդրում եմ, զգույշ մնա և վերադարձիր: Մերուժը իսկապես հայրենասեր մարդ էր: Հիմա, ոչ մի բան չեմ կարող փոխել, միայն կասեմ, որ հպարտանում եմ իրենով»- ասում է Զարինան:
Հավելենք, որ Մերուժան Ստեփանյանի ընկերները հերոսի տան բակում պատրաստվում են ցայտաղբյուր կանգնեցնել, ի հիշատակ Մերուժան Ստեփանյանի սխրագործության:
Հեղ. Նարեկ Կիրակոսյան