![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսահայերի հոգևոր առաջնորդն Օլանդին է փոխանցել համայնքի մտահոգություններ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/13081919_611639858984760_2140083200_n.jpg)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Վահան Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի գործունեու թյունը, բարձրացրել ֆրանսահայությանը հուզող հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, եպիսկոպոսն Օլանդին է փոխանցել ֆրանսահայության ակնկալիքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքի ընդունման հարցում, հետաքրքրվել այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին և նշել, որ ֆրանսահայերն անհամբերությամբ են սպասում այդ օրենքի ընդունմանը:
Նա նաև Օլանդին է փոխանցել ֆրանսահայերի մտահոգություններն Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) սանձնազերծված ապրիլյան պատերազամական գործողությունների շուրջ: Վահան Հովհաննեսյանը խնդրել է Ֆրանսիայի նախագահին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամի, պահանջել Ադրբեջանից հարգել հրադադարի ռեժիմը և ստիպել նրան ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն՝ ապրելու իրենց պապենական հողերում: