Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մանկության տունը վաճառում են 56 մլն դոլարով
Անգլիայի հարավ-արեւելքի Հարթֆորդշիրի կոմսությունում վաճառքի են հանել Woolmers Park կալվածքը, որի երբեմնի սեփականատերերն էին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մորական պապն ու տատը՝ Կլոդ եւ Սեսիլիա Բոուզ-Լայոնը: Անշարժ գույքը գնահատվում է 30 մլն ֆունտ ստեռլինգ (56 մլն դոլար): Այդ մասին տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Այս տանն է փոքրիկ Լիզին սիրահարվել ձիերին: Հենց այստեղ են Եղիսաբեթն ու նրա կրտսեր քույրը՝ Մարգարետը, խաղացել այգում: Անշարժ գույքը թագավորական ընտանիքի կողմից վաճառվել էր 1949 թվականին, այն առաջին անգամ է վաճառքի հանվում երկու տասնամյակի ընթացքում, ճշտվում է հաղորդագրության մեջ:
Կալվածքի տարածքն զբաղեցնում է 100 հեկտար: Այստեղ 21,3 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մի քանի շենք է կառուցվել:
Եղիսաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին եւ ներկայում ամենաերկար կառավարող միապետն է համարվում Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: 2016 թվականի ապրիլին թագուհին նշել է իր ծննդյան 90-ամյակը: