Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «լռության ռեժիմ» են սահմանում Լաթաքիայի հյուսիսում
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, իրենց գործողությունները համաձայնեցնելով Դամասկոսի հետ, ապրիլի 30-ից՝ ժ. 00:01-ից, Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսային մասում 72 ժամով հրադադար են հայտարարում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, տեղեկացնում է Interfax-ը:
«Այդ ժամանակահատվածում կարգելվեն ռազմական գործողություններն ու սպառազինությունների բոլոր տեսակների կիրառումը»,- հայտարարել է Կուրալենկոն:
«Կոչ ենք անում նրանց, ովքեր շահագրգիռ են սիրիական հողում խաղաղության հաստատման հարցում, աջակցել ռուս-ամերիկյան նախաձեռնությանն ու թույլ չտալ սահմանվող «լռության ռեժիմի» խափանումը»,- ասել է գեներալը:
Միաժամանակ, նա արձանագրել է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամները կփորձեն Հալեպում և Լաթաքիայի հյուսիսային շրջաններում իրավիճակը սրացնել: