«Հարավային գազային միջանցքը» Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը վերածեց իրականության. Մարոշ Շեֆչովիչ
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում Եվրոպական տնտեսական ու սոցիալական կոմիտեի 516-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը իրականություն է դարձրել Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը:
Շեֆչովիչի ելույթը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքում, տեղեկացնում է Trend-ը:
Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցքը» մեր ժամանակների ամենախոշոր նախագծերից է ու նախատեսում է գազային ռեսուրսների տեղափոխում Կասպից, Կենտրոնաասիական, Մերձավորարևելյան տարածաշրջաններից եվրոպական շուկաներ:
«Երկար տարիներ կասպյան գազը եվրոպական շուկաները հասցնելը քննարկումների ու բանավեճերի առարկա էր: Այսօր դա արդեն իրականություն է, որն ամրագրված ավելի քան 10 միլիարդ դոլարի պայմանագրերով և Ադրբեջանում, Վրաստանում ու Թուրքիայում տարվող շինարարական աշխատանքներով: Մենք ակնկալում ենք ստանալ այդ գազը մինչև 2020 թվականը»,- ասել է Շեֆչովիչը: