Եվրոպայի լիգա. «Շախտյորը» բաց թողեց հաղթանակը «Սևիլիայի» նկատմամբ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Շախտյորն» ընդունել էր «Սևիլիային» «Արենա Լվով» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
6-րդ րոպեին Վիտոլոյի խփած գոլն օգնեց «Սևիլիային» բացել հաշիվը հակամարտությունում, սակայն մինչև ընդմիջման գնալը «հանքափորներին» հաջողվեց փոխել խաղի ընթացքը: «Շախտյորի» կազմում 23-րդ րոպեին աչքի ընկավ Մարլոսը, իսկ հետո՝ 35-րդ րոպեին` Տարաս Ստեպանենկոն: «Սևիլիային» հաջողվեց խուսափել պարտությունից 82-րդ րոպեին` Կևին Գամեյրոյի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ:
Պատասխան խաղը թիմերը կանցկացնեն մայիսի 5-ին Իսպանիայում` «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը