Պերմյակովը չպատասխանեց, թե ինչու է մտել հենց Ավետիսյանների տուն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ընդունեց բոլոր մեղքերը: Այսօր դատական նիստին Պերմյակովի բոլոր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո դատախազի հարցին` արդյոք այս ցուցմունքների ժամանակ Պերմյակովի նկատմամբ բռնություն կամ սպառնալիք կիրառվել է, ամբաստանյալը պատասխանեց` ոչ: Մեկ այլ հարցի ի պատասխան` Պերմյակովը նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչում է ներկայացված բոլոր մեղադրանքներում, ինքն այդ ամենը կատարել է միայնակ: Նա նաև նշեց, որ ընկերների մեջ եղել են հայեր, ում հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Պերմյակովը, պատասխանելով դատավարական կողմերի հարցերին, հրաժարվեց բացատրել իր դաջվածքի իմաստը:
«Օդնոկլասնիկի» սոցցանցում իր գրառումների մասին Պերմյակովը նշեց. «Դրանք իմ գրառումները չեն»: Ծառայության ընթացքում Պերմյակովը երեք ամսով զենք կրելու իրավունք չի ունեցել, ինչպես նշված է եղել քրեական գործում, սակայն Պերմյակովը նշեց, որ այդ մասին տեղյակ չի եղել: Դասալքության պատճառների, զենքով դասալքություն կատարելու վերաբերյալ հարցերին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: Պերմյակովը նշեց, որ չի կարող նկարագրել Ավետիսյանների տան ճանապարհը, քանի որ չի հիշում: Չի հիշում նաև, թե ինչպես է մտել Ավետիսյանների տուն, չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչու է մտել հենց Ավետիսյանների տուն:
Ավետիսյանների տունն ու իր գործողությունները նկարագրելու մասին փաստաբան Լուսինե Սահակյանի հարցին ի պատասխան` ամբաստանյալը նշեց. «Չեմ ուզում և չեմ կարող պատասխանել»: Դատարանի դահլիճում իրեն ուղղված հարցերին Պերմյակովը հիմնականում պատասխանում էր. «Չեմ հիշում, չեմ կարող պատասխանել»: