«ԼՂՀ-ում ամեն ինչ կատարվել է ամենաբարձր մակարդակով, պետք է մտածենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում». Գառնիկ Իսագուլյան

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այն կարծիքին է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թերացումներ եղել են Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե ԼՂՀ-ում:

Այսօրվա քննարկմանը նա ընդգծեց, որ այդ օրերին հրաշալի գործել է նաև ԼՂՀ նախագահը. «Բացի այն, որ վերջին երկու ամիսներին նա գրեթե աշխատասենյակից տուն չէր գնում, այդ օրը ժամը 3:10-ին սկսվում են լայնամասշտաբ գործողությունները, 3:35-ին արդեն առաջին հրամաններն է արձակում»:

Նա կրկին նշեց, որ մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ նախագահը ԼՂՀ ԱԺ-ում տարածքների զիջման մասին է խոսել, իրականությունից հեռու են.

«Տարածքների զիջման մասին չի խոսվել, այլ եղել է բավականին անկեղծ զրույց: Այդտեղ բարձրացվել են բոլոր այն հարցադրումները, որոնցից շատերն այսօր պատշաճ չէ բարձրացնել»:

Լրագրողի հարցին՝ բարձրացվե՞լ են հարցեր, որ միգուցե մեր հետախուզական ծառայությունը լավ չի աշխատել, միգուցե մեր բանակը բավարար չափով չի ունեցել սպառազինություն, մասնավորապես՝ գիշերային տեսողության սարքեր, պատասխանեց.

«Որևէ հարց բաց չի մնացել, այդ թվում՝ նաև այդ կարգի հարցեր: Եվ չեմ կարծում, որ այս պաշտոնանկությունները հենց այնպես տեղի ունեցան: Դեռ պետք է շարունակվեն պաշտոնանկությունները և շատ ավելի բարձր մակարդակում: Չեմ ուզում անուններ տալ, որովհետև խոսքը վերաբերում է Հայոց բանակին: Բանակը, անվտանգությունը, հայ զինվորն արժանի են միանգամայն այլ մոտեցման»:

Նա նաև նշեց, որ հայկական կողմը ղարաբաղաադրբեջանական հատվածում տարածք չի զիջել.

«Ոչ մի մետր չենք զիջել, տեղի է ունեցել դիրքային փոփոխություն, բայց մենք տարածք չենք հանձնել: Մենք տարածք հանձնել ենք Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայում, Աբովյան փողոցում, Մոնումենտի այգիներում: Մենք խրամատ չենք կորցրել, կորցրել ենք այդ տները, մեր զինվորները չեն մահացել, նրանք անմահացել են, մահացել են նրանք, ովքեր այսօր Երևանում, թեկուզ կենդանի, քայլում են, շատերը կրում են ուսադիրներ, բարձրաստիճան պաշտոնյաներ են: Նրանք մահացել են՝ որպես մարդ, գոնե ինձ համար, գոյություն չունեն: ԼՂՀ-ում ամեն ինչ կատարվել է ամենաբարձր մակարդակով, պետք է մտածենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, և ինչ են արել Հայաստանում այն մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում այդ ամենի համար»:

Տեսանյութեր

Լրահոս