
Շվեդիայի հայ համայնքը ֆինասնական օգնություն կտարամադրի ԼՂՀ-ին

Շվեդիայի հայ համայնքը ֆինասնական օգնություն կտարամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը:
«Երբ Ադրբեջանի սադրիչ գործողություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվեց, մենք այստեղ ժողով կազմակերպեցինք և որոշեցինք Հայ Դատի Հանձնախմբի կողմից բողոքի նամակ ուղարկել Շվեդիայի կառավարությանը: Պահանջը մեկն էր` քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները կանխելու համար: Հայաստանի Հանրապետության դեսպանության, Սկանդինավիայի Հայ եկեղեցու և Հայկական Միությունների համադրող կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվեց նաև բողոքի երթ, որը շատ հաջող անցավ: Դրանից բացի, պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը մեր օգնության կարիքն ունի: Եվ մենք որոշեցինք ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին: Այժմ ֆինանսական միջոցների հավաքագրման գործընթացն է, յուրաքանչյուրը որքան կարողանում է իր ներդրումն է ունենում: Առաջիկա շաբաթների ընթացքում գումարը կհատկացվի Արցախին»,-ասաց Արշակ Գավաֆյանը:
Նրա փոխանցմամբ, դեռ չեն որոշել, թե գումարն ինչ նպատակով կծախսվի: «Կարող է լինել տուժած ընտանիքներին, վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն: Միգուցե կարիք լինի բանակի աշտպանության համար սարքավորումներ գնել կամ էլ նորոգվեն ավերված տները: Մի բան պարզ է, ֆինանսական աջակցություն մեր կողմից Արցախին պետք է տրամադրվի»,-հավելեց Արշակ Գավաֆյանը: