Բաժիններ՝

ABC 7-ը հրաժարվել է հայերին «բանդիտանման ապուշներ» անվանած օպերատորի ծառայություններից. media.am

Ամերիկյան KABC հեռուստակայանի (ABC 7) նախագահ և գլխավոր կառավարիչ Շերիլ Կունին Ֆեյրը ամերիկահայ «Ասբարեզ» թերթին հղած նամակում հայտնել է, որ ապրիլի 24-ին երկու թուրքերից հարցազրույց վերցնելիս հայերին վիրավորած օպերատորն իրենց հաստիքային աշխատողը չէ, իսկ նրա ծառայություններից հեռուստակայանն այսուհետ հրաժարվում է:

«Շնորհակալ ենք համայնքին, որ մեր ուշադրությունը հրավիրեց տեսանյութի վրա: ABC 7- ի մասնագիտական սկզբունքներին հակասում են այդ որակումները, և ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել են դրանք: Տվյալ օպերատորն ABC 7-ի հաստիքային աշխատակից չէ, և հեռուստակայանը որոշել է այսուհետ չօգտվել նրա ծառայություններից»,- նամակում գրել է հեռուստակայանի նախագահը՝ ավելացնելով, որ ամենակարևորն այն է, որ իրենց հեռուստակայանի եթերով սփռված համապատասխան ռեպորտաժն անկողմնակալ ու բարեխիղճ է եղել:

Ավելի վաղ համացանցում տեսագրություն էր տարածվել, որում ամերիկյան ABC 7 հեռուստակայանի՝ Թիմ անունով ներկայացող օպերատորն ազգությամբ թուրք երկու ամերիկացիների հետ զրույցում ասում է, թե հայերի մեծ մասը «բանդիտանման ապուշ» է (thug-tipe idiot):

Դա ոչ թե ABC 7-ի օպերատորի նկարահանած տեսանյութն էր, այլ զրուցակիցներից մեկն իր ընկերոջը խնդրել էր նույնպես տեսագրել ամբողջ զրույցը:

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում նկարահանված այդ տեսանյութում, նկատի ունենալով մոտակայքում՝ Թուրքիայի հյուպատոսարանի առջև բողոքի ցույցի դուրս եկած հայերին, օպերատորն ասում է.

« … Ես չեմ էլ փորձել խոսել նրանց հետ, որովհետև նրանցից շատերը բանդիտանման հիմարների են հիշեցնում, հենց սկսում ես նրանցից մեկի հետ խոսել, հետևից լիքը «ռառառա» ես ստանում»:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը

Աղբյուրը՝  media.am:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս