
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԱՄՆ պետդեպ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ կոչ անելով կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
«Մեր ուղերձն անփոփոխ է: Մենք կտրուկ դատապարտում ենք ցանկացած բռնություն, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայտնում, որ ցանկանում ենք, որ խաղաղ գործընթացը վերականգնվի և շարունակի ընթացքը հնարավորին չափ շուտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները:
Վերջինիս խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի հետ՝ փորձելով պահպանել հաստատված փխրուն խաղաղությունը:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես հաստատվեց փխրուն հրադադար, և սկզբում ոգևորվել էինք՝ տեսնելով, որ այն պահպանվում է։ Սակայն պարզ է, որ տեղում իրավիճակը լարված է: Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, Մինսկի խմբի մեր համանախագահը տարածաշրջան է այցելել, և մենք կապի մեջ ենք մնում այս հակամարտության բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը: