«Ոչ միայն որոշում ընդունողը, այլ նաև որոշում մշակողները պետք է պատասխանատվություն կրեն». Թևան Պողոսյանը՝ ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկությունների մասին

«Հուսով եմ, որ ուսումնասիրվել են այն բոլոր բացերն ու սխալները, որոնք ապրիլի 2-ից երևան եկան, և համապատասխան այդ ոլորտների պատասխանատուների բացթողումներին՝ եղան այդ որոշումները»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով երեկ ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին:

Թ. Պողոսյանը կարծում է՝ պետք է հետևություններ անեն ոչ միայն՝ պաշտոնանկություններ անելով, այլև ոլորտի ուսումնասիրություններ անելով՝ հասկանալու համար, թե ինչու այդ ոլորտներում չենք ունեցել համապատասխան զարգացածությունը. «Բոլոր այն մեղավորները, որոնք որոշումներ մշակելու գործընթացքում նույնպես չեն նպաստել, որ մենք արդիական իրավիճակներ ունենանք այդ ոլորտներում, իրենք պետք է համապատասխան պատասխանատվությունները կիսեն: Այստեղ ամենակարևորը որոշումներ մշակելու բառակապակցության մեջ է, որ ոչ միայն որոշում ընդունողը, այլ նաև որոշում մշակողները պետք է պատասխանատվություն կրեն»:

Պատգամավորի համար նաև շատ կարևոր է, թե ովքեր կնշանակվեն ազատված պաշտոնյաների փոխարեն. «Ես հուսով եմ, որ համապատասխան նշանակումները կլինեն մարդիկ, որոնք ունեն նոր տեսլականներ, փայլուն տիրապետում են իրավիճակին այսօրվա, երիտասարդ ոգով և շնչով կանցնեն այն ոլորտների սխալների ուղղմանը, և արդիականացմանը»:

Հիշեցնենք, որ այսօր ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության պատճառներին:

Ըստ Թ. Պողոսյանի՝ այդ հոդվածը ռուսական շահերից է ելնում. «Երբ դուք ցանկացած ռուսական թերթում որևէ մի վերլուծություն եք կարդում, և նշված է, որ ռուսական պետական ինստիտուտներին մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունն է, ապա միանգամից պետք գիտակցեք, որ ցանկացած այդտեղի գրած բառը ռուսական շահերի սպասարկման համար է, հիմա մեր խնդիրը մեր պետական հայկական շահն է: Կարդացի, իմացա, գցեցի այն կողմ, և զբաղվում եմ իմ աշխատանքով: Ինձ թվում է՝ ժամանակն է եկել, երբ մենք այդ բոլոր հոդվածները կընթերցենք, կհասկանանք՝ գիտակցելով իրենց շահերը, բայց մեր գործողությունները կպայմանավորենք միայն հայկական շահերից ելնելով»:

 

Տեսանյութեր

Լրահոս