Միհրան Պողոսյանի վերաբերյալ օֆշորային նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Օֆշորային սկանդալի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին առնչվող նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանց ընթացքը լուծելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հայկական և միջազգային մամուլում պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ էր եկել նաև Միհրան Պողոսյանի անունը։
Գլխավոր հարկադիր կատարողը հրաժարականի դիմում էր ներկայացրել, այդ առնչությամբ տարածված հայտարարության մեջ նա նշել էր.
«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։