Ռոգոզինն իր «պոստը» հեռացրել է Ֆեյսբուքից. Էդվարդ Նալբանդյանի արձագանքը
«Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն ընթացքի մեջ է».- այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են արվել ԱԽ նիստի ժամանակ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կապակցությամբ:
«ԼՂՀ-ի հետ միասին պայմանագիրը կամ համաձայնագիրը մշակվում է, դա պարզ գործընթաց չէ, էքսպերտական աշխատանքի կարիք կա: Երբ համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը հարմար լինի, դա կիրականացվի»,- ասաց Է.Նալբանդյանը:
Խ.Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի` պատերազմական այդ ծանր օրերին արված հայտարարության հետ կապված՝ ի՞նչ քայլեր են արվել, և արդյոք պատերազմը վերսկսելու պատճառներից մեկն էլ ռուսական վարկով զինտեխնիկայի ստացման ուշացումը չէ՞ր:
Է.Նալբանդյանը նշեց, որ Ռոգոզինի հայտարարության հետ կապված՝ դիվանագիտական բնույթի և աշխատանքային ոճից ելնելով՝ ոչ ամեն ինչի մասին է հրապարակվում, այլ հրապարակվում է մի մասը, կան ինչ-որ հանդիպումներ, զրույցներ, որոնք կարող են արդյունքներ տալ:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ռոգոզինի հայտարարությանը, ապա Նալբանդյանը հայտարարեց, թե Ռոգոզինն իր գրառումը հանել է համացանցից: «Ռոգոզինի մասին հանդիպումենր եղել են և կարծիքներ հայտնվել են»,- ասաց նա: Է.Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում և իր համար բարենպաստ իրավիճակ չկարողացավ ստեղծել բանակցային սեղանի շուրջ: Ըստ նրա` կարգավորման հիմնական փաստաթուղթը եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններն են, որոնց Ադրբեջանը հղում չի անում և չի ուզում ընդունել:
«Ձախողվեցին և փորձեցին ինչ-որ առավելություն ստանալ ռազմական գործում: Նորից ձախողվեցին և ստիպված են լինելու վերադառնալ բանակցային սեղան»,- ասաց Է.Նալբանդյանը: