«Եթե պիտի ուրիշի ունեցվածքով ստեղծես, կարծում եմ, դա հում գործընթաց է». Գալուստ Սահակյանը՝ Վարդան Օսկանյանին
«Չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ-որ մի բան փոխվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցության մասին:
Ըստ նրա` սխալ է մտածողությունը, թե նորաստեղծ կուսակցությունները կարող են անմիջապես հաղթանակի հասնել, Հայաստանում երբեք նման բան չի եղել. «Այսօր կուսակցություն ստեղծել և մտածել, որ վաղն այդ կուսակցությունը հաղթության կհասնի, մեր երկրում երբեք այդպիսի բան չի ստացվել»:
Գ.Սահակյանը հավանության չարժանացրեց Օսկանյանի մտադրությունը` դիմել բիզնես շրջանակներին` ֆինանսավորման համար: Նրա կարծիքով` նախ պետք է հնարավորություններ ունենալ, նոր ստեղծել կուսակցություն. «Եթե պիտի ուրիշի ունեցվածքով ստեղծես, կարծում եմ, դա հում գործընթաց է»:
Թե որտեղի՞ց է ֆինանսավորվում ՀՀԿ-ն, Գ.Սահակյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ-¬ն գոյատևում է միայն անդամավճարներով, օրինակ` ինքը որպես անդամավճար 20 հազար դրամ է վճարում: Հարցին` Սամվել Ալեքսանյանը գումարներ չի՞ փոխանցում կուսակցությանը, Գ.Սահակյանը հակադարձեց. «Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ անդամ չէ»: