«Տեղը, ոտը, գլուխը խառնած է իրար». Հրանտ Բագրատյանը` ԸՕ-ի մասին

«Պարո՛ն Հարությունյան, սուտը մնում է սուտ: Եթե Դուք սուտը հիմնավորում եք, մի´ կարծեք, թե դրանից սուտը դադարում է սուտ լինելուց: Հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա կտրականապես դեմ արտահայտվեց ԸՕ նախագծին: Ըստ նախկին վաչապետի՝ ցուցակներում կա 2.5 մլն ընտրող, ընդդիմությունը պահանջում է ցուցակներում թողնել հիմնական բնակչությանը, իսկ ով գա ու դիմում գրի, նրան էլ թույլատրել ընտրության մասնակցել այնպես, ինչպես արվում է առանձին բնակավայրերում ընտրությունների ժամանակ: «Մաքրեք ցուցակները»,- պահանջեց Հ.Բագրատյանը` նշելով, որ ցուցակներից պետք է հանվեն վերջին 6 ամսում այստեղ չբնակվողները: Նա քննադատեց ԸՕ նախագծում ներկայացված կայուն մեծամասնության դրույթը, որը նմանակվել է Իտալիայի օրինակից:

Հ.Բագրատյանը նշեց, որ «էշին էլ պետք է պարզ լիներ, որ կայուն մեծամասնությունը 3/5-րդից ավելի չպետք է լինի», բայց իշխանությունը պնդում է 2/3-ը: Հ.Բագրատյանի խոսքով` չի կարող կայուն մեծամասնությունը լինել 66%:

Ըստ նրա` եթե ընտրակարգը համամասնական է, պետք է կուսակցությանը ձայն տան, բայց ԸՕ-ով նախատեսվում է, որ համապետական և տեղական ցուցակները հնարավորություն կտան տեսնել, թե ով է ընդդիմության ցուցակներում, ու կկարողանան «առնել» նրանց: Նա պնդեց, որ համակարգը պետք է լրիվ համամասնական լինի, և կուսակցական ցուցակներով ոչ ոք չանցնի: Հ.Բագրատյանը նշեց, որ 36 կետից առաջարկ է ներկայացրել, բայց ոչ մեկը հաշվի չի առնվել, օրինակ, ընտրությունների անցողիկ շեմը` 5%-ը, իջեցնել 4%, դաշինքների համար էլ` 7%-ն իջեցնել 5%-ի: «Չէ, դուք մտածում եք այնպիսի մեխանիզմ, որ 100%-ով կոնտրոլ անեք ամեն ինչը»,- ասաց Հ.Բագրատյանը:

Կարդացեք նաև

Նշելով, որ Գյումրիում ու Վանաձորում քաղաքապետի ուղիղ ընտրությունները վերացվում են, և այնտեղ ընտրությունները նմանեցվում են Երևանին, Հ.Բագրատյանը հայտարարեց, որ դրանով կոռուպցիան կրկնապատկվում ու եռապատկվում է: Ըստ նրա` դրանով վրեժ են լուծում, որ 2013 թ.-ին այնտեղ մարդիկ դեմ են քվեարկել ՀՀԿ-ին. «Ո՞վ է ձեզ թույլ տվել դա անելու: Եվ ասում եք` ժողովրդավարությո՞ւն»: «Տեղը, ոտը, գլուխը խառնած է իրար»,- ասաց Հ.Բագրատյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս