
Բելգիան ահաբեկիչ Սալահ Աբդեսլամին արտահանձնել է Ֆրանսիային

2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին Բելգիայի իշխանություններն այսօր առավոտյան արտահանձնել են Ֆրանսիա:
Այդ մասին տեղեկությունը տարածել է Բրյուսելի դատախազությունը, երբ Աբդեսլամն արդեն գտնվել է Ֆրանսիայի տարածքում: Ահաբեկչի տեղափոխությունը կատարվել է խիստ գաղտնիության պայմաններում, որպեսզի խուսափեն Աբդեսլամի հնարավոր փախուստից ու նրա՝ ազատության մեջ գտնվող համախոհների հնարավոր հարձակումներից, հայտնում է Euronews-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչի արտահանձնումը պլանավորվում է իրականացնել մայիսի սկզբին:
Համարվում է, որ Աբդեսլամը ահաբեկչական խմբի միակ ողջ մնացած անդամն է, որը հարձակումներ էր իրականացրել Փարիզում: Ահաբեկչություններին զոհ էր դարձել 130 մարդ: