
Երևանում Սոս Սիսակյանի և Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն

Այսօր Երևանի Քաղաքապետարանում գումարվեց Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Ի թիվս այլ հարցերի, ավագանու այսօրվա նիստում հավանության արժանացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի և դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագծերի առաջարկը:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Նալբանդյան 47 հասցեում, իսկ դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հուշատախտակը՝ «Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մուտքի հարևանությամբ` Նորք-Մարաշ 9-րդ փ. 11/ 62 հասցեում:
Նախագծերը հաստատվեցին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը: